Հայաստանը զարգացած միջնադարումԳյուղտնտեսությունըԵրկրագործության զարգացումը

Երկրագործության զարգացումը

Երկրի բարեկեցության հիմնական աղբյուրը երկրագործությունն ու անասնապահությունն էին, արհեստներն ու առևտուրը: Հայկական լեռնաշխարհը երկրագործության համար բարենպաստ պայմաններ ուներ: Խոշոր գետերի հովիտները գյուղատնտեսության զարգացման լավագույն կենտրոններ էին: Դրանցից էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր:

Նշված շրջանում նշանակալից առաջադիմեցին երկրագործությունն ու երկրագործական տեխնիկան: Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը: Վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասը ցել էր արվում, այսինքն՝ հողը հերկվում և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում: Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան: Եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով:

Երկրագործության մեջ հեղաշրջիչ եղավ երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը: Այն հատկապես օգտագործում էին խոշոր տնտեսություններում, որով հեշտությամբ վարում էին նաև խոպան հողերը: Հողամշակության մեջ կիրառվում էր հողը գոմաղբով պարարտացնելը:

Երկրագործության զարգացմանը նպաստում էր հողի ոռոգումը: Այս շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը: Օգտագործվում էին հին ջրանցքները, կառուցվում էին նորերը: Ոռոգումը մեծապես նպաստում էր այգեգործության, խաղողագործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության զարգացմանը: Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղատնտեսական մթերքների մշակումը: Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները գնալով լայն տարածում էին ստանում:

Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր: Տարածված էին ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, սալորը, ընկույզը և այլն: Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում լայնորեն մշակվում էր խաղողը: Եթե խաղողագործությունը հնամենի զբաղմունք էր Հայաստանում, ապա նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը: Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը:

IX-XI դարերում խոպան հողերի հաշվին նոր մշակելի դարձած տարածքները հաճախ կոչվում էին նորք:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ