Հայաստանը զարգացած միջնադարումԱրհեստագործությունը և առևտուրըՀիմնական արհեստները

Հիմնական արհեստները

Մեծ զարգացում ապրեց մետաղագործությունը՝ շարունակելով անցյալի հարուստ ավանդույթները: Զարգացան դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը: Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր: Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ:

Բնակչության աճը և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկ տվեցին շինարարական արհեստներին: Մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները: Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքները, շինվում էին նոր բերդեր, կարավանատներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր և կամուրջներ: Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով:

Զարգացավ հյուսնությունը: Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն: Զարգացած էր փայտի փորագրությունը:

Անասնապահության լայն զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը: Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը: Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար:

Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում: Մեծ էր պահանջարկը դրանց նկատմամբ նաև երկրի ներսում: Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»:

Միջազգային շուկաներում մեծ պահանջարկ ու հռչակ ունեին հայկական գորգերը, որոնք վաճառվում էին անգամ հեռավոր Վոլգյան բուլղարների և սլավոնների երկրներում: Մանածագործության և գորգագործության բուռն վերելքը խթանեց ներկերի արտադրությունը: Առանձնապես հռչակավոր էր որդան կարմիր ներկի արտադրությունն Արարատյան դաշտում՝ կենտրոն ունենալով Դվինը: Այն իր գերակշիռ մասով արտահանվում էր:

Կենցաղային և տնտեսական պահանջմունքները բավարարելու համար լայն թափ ստացավ բրուտությունը: Նշանավոր էին Դվինի և Անիի բրուտանոցները, որոնց արտադրած կավե ամանները, կճուճներն ու կարասներն աչքի էին ընկնում բարձր որակով: Արտադրվում էին նաև զանազան անոթներ ու իրեր, գույնզգույն նախշերով ամենեղեն: Առանձին արհեստի էր վերածվել ապակեգործությունը:

Գնալով խորացավ աշխատանքի բաժանումը: Արհեստների մասնագիտացումը ծնունդ տվեց նոր արհեստների: Այսպես, մետաղագործությունից անջատվեցին և առանձին արհեստների վերածվեցին դարբնությունը, պղնձագործությունը, փականագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը և այլն: Նույնը տեղի ունեցավ մանածագործության, կաշեգործության, կավագործության և այլ բնագավառներում: Գնալով կատարելագործվեց արհեստագործական տեխնիկան:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ