Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինՀասարակական-քաղաքական կյանքըԱզգային զարթոնքը

Ազգային զարթոնքը

1960-ական թթ. սկզբներին խրուշչովյան ազատությունների հետևանքով սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։

1965թ. լրացավ Հայոց մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Իշխանությունները չէին պատկերացնում, թե ազգային այդ վշտի արտահայտությունը ինչպիսի ծավալ կարող է ընդունել և ինչ անդրադարձ կունենա։ ժողովուրդն առաջին անգամ ինքնաբուխ տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։

ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե) և ՆԳՄ (Ներքին գործերի մինիստրություն) համատեղ ջանքերով ցույցը ցրվեց, բայց եղան նաև ձերբակալություններ։ Իշխանությունները և առաջին հերթին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը հասկանում էին, որ անհրաժեշտ է բավարարել ժողովրդի որոշ ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց և 1967թ. տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։

Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հուշահամալիր։

Շուտով ստեղծվեց Ազգային միացյալ կուսակցությունը, որն իր «Փարոս», «Անկախություն» և «Հանուն հայրենիքի» թերթերով պայքարում էր Հայաստանի անկախության համար։

1977թ. ապրիլի 24-ին ստեղծվեց Հայաստանի հելսինկյան խումբ։ Այն իր գործունեությունը կառուցել էր 1975թ. Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա։

1960–1970-ական թթ. Հայաստանում գործում էին մի շարք ընդհատակյա կազմակերպություններ, որոնք նպատակ էին դրել հասնել Հայ դատի և պահանջատիրության միջազգային ճանաչմանը, Արցախը և Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելուն։

Ինչպես ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, այնպես էլ Հայաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ պայքարում էին ազգային խնդիրներ բարձրացնող, դեմոկրատական պահանջներ առաջադրող այդ մարդկանց դեմ։ Հակախորհրդային գործունեության համար Հայաստանում այդ տարիներին դատապարտվեց ավելի քան 70 մարդ, որոնք իրենց պատիժը կրում էին բանտերում և ուղղիչ աշխատանքային գաղութներում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ