Գեղամա լեռնաշղթայի բնաշխարհը

Արարատ, Գեղարքունիք, Կոտայք

Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանա լճից արևմուտք: Բարձր գագաթներն են՝ Մեծ Աժդահակ (3598մ), Սպիտակասար (3555մ), Գեղասար (3443մ), Ակնասար (3258մ) և Սևկատար (3225մ):

Գեղամա լեռների արևմտյան լանջերից սկիզբ են առնում Ազատ, Վեդի, Գետառ, իսկ արևելյան լանջերից՝ Գավառագետ, Արգիճի, Բախտակ և այլ գետեր: Լճերից նշանավոր են՝ Ակնալիճը (3031մ), Վանքի Լիճը, Վիշապալիճը, ինչպես նաև Մեծ Աժդահակ գագաթի խառնարանում գոյացած լճակը:

Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Գագաթնային մասում ցուրտ լեռնային կլիմա է: Տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում 4-6°C է, սարավանդներում՝ 0-2°, գագաթնային մասում՝ -2°: Տարեկան տեղումները՝ 500-900մմ, ձյունածածկի հզորությունը՝ 30-100սմ:

Մինչև 2800մ լեռնատափաստանային սևահողեր են: 2800մ-ից բարձր՝ լեռնամարգագետնային հողեր են՝ ենթալպյան և ճահճացած մարգագետիններով, իսկ ձյունամերձ գոտում՝ չզարգացած, կմախքային հողեր՝ բարձանման բույսերով:

Ազատ և Վեդի գետահովիտների վերին հոսանքներում կան կաղնու և գիհու նոսր անտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, սողուններից՝ մողեսներ և օձեր: Շատ են թռչունները:

Ջրբաժան գոտին 2800-3000մ բարձրության սարավանդ է՝ բարձրացող հրաբխային կոներով և էքստրուզիվ մնացորդային գմբեթներով:

Արևմտյան լանջերը առաջացնում են միջին Հրազդանի և Կոտայքի նախալեռնային գոտին՝ Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար և այլ հրաբուխներով: Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի լեռնաբազուկը: Արևելքում լանջերը ձուլվում են Մերձսևանյան լավային սարավանդներին:

Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխաձևեր: Լավային հոսքերը 15-20կմ լեզվակներով մուտք են գործել Ազատ, Հրազդան, Արգիճի, Խոսրով գետահովիտները: Լեռնալանջերից բխում են բազմաթիվ աղբյուրներ՝ Քառասունանք, Ակունք, Լիճք և այլն:

Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան օբսիդիանի և պեռլիտի զգալի պաշարներ:

Վանքի Լճի մոտ պահպանվել են վիշապաքարեր, որոնք հին հայկական դիցաբանության մեջ ջրի պաշտամունքի նշան էին: Մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահները թվագրվում են Ք.ա. 7-րդ հազարամյակին:

* * *

Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար:

Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը:

Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները:

Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ