
Հոկտեմբերի 9-ին մեկնեցինք Ջավախք:
Տեղյակ էինք, որ դա հայկական հող է և հայաբնակ է: Սակայն չէինք կարող պատկերացնել այն, ինչի հետ ծանոթացանք ավելի անմիջական...
Անհնար է փոխանցել այն զգացմունքը, երբ տեսնում ես մեծ գյուղ, որի բնակիչները բոլորը հայ են: Աբուլ գյուղում գիշերեցինք բանաստեղծ Բարդուղիմեոսի տանը: Ամբողջ գիշեր խոսում էինք տարբեր թեմաներից: Նա մանրամասն պատմում էր այնտեղի ավանդապաշտ բնակչության մասին: Նկարագրեց ծանր խնդիրները, որոնք անհանգստացնում են ջավախքցիներին:
Անչափ հետաքրքիր էր շփվել հայրենակիցների հետ: Չնայած ծանր կացության, բնակիչները բաց չեն թողնում ոչ մի տոն, պահպանում ու հպարտանում են իրենց հետաքրքիր սովորույթներով: Եվ ամենակարևորը` փոխանցում են այդ ամենը ապագա սերնդին: Շատ հոգնած էինք Աբուլ սարից հետո, սակայն բանաստեղծի հետ խոսակցությունն այնքան ուշագրավ էր, որ պառկեցինք շատ ուշ:
33-ամյա Բարդուղիմեոսը Թիֆլիսում հիմնած` Թումանյանի «Վերնատուն» խմբակի անդամ է, և նրա գործերը պարբերաբար տպվում են Վրաստանի հայկական ամսագրում: Բացի բանաստեղծ լինելուց, նա նաև նկարիչ էր, դերասան ու ֆիզիկապես շատ ուժեղ էր. 16000 անգամ ձեռքի օղակ էր սեղմում: Իսկ բանաստեղծի փոքր աղջիկը երկու ձեռքով զուգահեռ նկարում էր և զարմանալի ակրոբատիկ վարժություններ էր անում:
Արշավի ընթացքում բարձրացանք հիասքանչ Աբուլ սարի գագաթը (3301մ) և լողացանք Փարվանա լճում: Այցելեցինք մի շարք պատմական հուշարձաններ և Վահան Տերյանի տուն թանգարանը` Գանձա գյուղում: