Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանը XV դարումՔաղաքական և տնտեսական կացությունը

Քաղաքական և տնտեսական կացությունը

Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նա ստեղծել էր անծայրածիր մի պետություն, որը նրա մահից հետո սկսեց արագորեն քայքայվել։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։ Սրանք դեռևս XIII դ. վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Հայաստան։ Նրանց դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ, ինչից և ծագել են այդ ցեղերի անունները։

Լինելով քոչվոր անասնապահ ցեղեր՝ նրանք ժամանակին օգտվում էին մոնղոլ տիրակալների հովանավորությունից և իրենց ոչխարների հոտերով շրջում էին նրանց տերության արևմտյան երկրամասերով։ Միաժամանակ նրանց զինված ջոկատներն զբաղվում էին նվաճված ժողովուրդներին թալանելով և ահաբեկելով։

Դեռևս XIV դ. կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները ստեղծեցին իրենց իշխանությունները, որոնք ուժեղացան XV դ. սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։

Կարա Յուսուֆը, դառնալով մի մեծ տերության տիրակալ, հարազատ մնաց իր քոչվորական կենցաղին։ Նա գահն անվանապես հանձնեց որդուն, իսկ ինքը Թավրիզից տեղափոխվեց Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) ամրոցն ու այն դարձրեց իր նստավայրը։ Այստեղ էր հաստատվել կարա-կոյունլու ցեղախմբի ամենամարտունակ ցեղը, որի առաջնորդն էր Կարա Յուսուֆը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Թովմա Մեծոփեցի պատմիչն անգամ գրում է, թե այդ տարիներին Հայաստան աշխարհում խաղաղություն և շենություն էր տիրում։

Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Ծավալվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա Յուսուֆի մահից հետո (1420թ.) վերսկսվեցին կռիվներն ակ-կոյունլուների և Լենկթեմուրի հաջորդների դեմ։

XV դ. 20-30-ական թթ. պարբերաբար կրկնվող պատերազմների, գաղթերի ու տեղահանությունների, գերեվարության, ինչպես նաև բնական աղետների (մորեխ, անբերրիություն) ու հաճախակի կրկնվող սովի հետևանքով Հայաստանի մի շարք գավառների բազմաթիվ բնակավայրեր լքվեցին։ Նվազեց բնակչության թիվը։ Քրդական ու թուրք-թուրքմենական մի շարք ցեղեր հաստատվեցին Հայաստանի արոտավայրերով հարուստ լեռնային գավառներում։ Փոփոխվեց երկրի էթնիկ կազմը։ Այդուհանդերձ, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայերը։

Դրանով պետք է, անշուշտ, բացատրել, որ կարա-կոյունլու գահակալները երբեմն հենվում էին հայերի վրա և անգամ իրենց կոչում էին Հայաստանի թագավորներ (շահ-ի Արման)։

Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Այս առումով աչքի էր ընկնում հատկապես Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից ու ասպատակություններից։ Ջհանշահի օրոք առևտրական կապեր հաստատվեցին միջինասիական երկրների և Արևմուտքի հետ։ Կարգի բերվեց կառավարման համակարգը։ Փորձ արվեց նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության աշխուժացման համար։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours