Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Ազգային հաստատությունները և սոցիալ-մշակութային իրադրությունը սփյուռքումԱՊՀ երկրների հայ համայնքները

ԱՊՀ երկրների հայ համայնքները

Արևելքի և Արևմուտքի երկրների համեմատ սկզբունքորեն այլ էր Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս, Խորհրդային Միության այլ հանրապետություններում ապրող հայության վիճակը։

Խորհրդային Միության իշխանությունները, ազգային սկզբունքի հիման վրա ստեղծելով առանձին հանրապետություններ, դրանով իսկ, ինչպես տեսանք, մեծապես նպաստեցին Խորհրդային Հայաստանի զարգացմանը։ Միևնույն ժամանակ նրանք ողջ երկրում վերացրին ազգային փոքրամասնությունների գրեթե բոլոր իրավունքները, արգելեցին նրանց տարատեսակ կազմակերպությունների գործունեությունը։ Հատկապես ճակատագրական եղավ հայկական առանձին տարածքների հանձնումը Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հետևանքով Նախիջևանը լրիվ հայաթափվեց, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես տեսանք, ստիպված եղավ զենքով պաշտպանել ազատ և ինքնուրույն ապրելու իր իրավունքը։

Խորհրդային Միության իշխանությունների նման քաղաքականությունը անհնարին էր դարձնում տարբեր հանրապետություններում ապրող հայության հավաքական ազգային-մշակութային գործունեությունը։ Այդ պարագան միաժամանակ էլ ավելի դյուրացրեց գերիշխող մշակույթների ազդեցությունը նրանց վրա։ Դա առավել նկատելի էր Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և որոշ այլ հանրապետություններում, ուր հայերի ամուսնությունները տեղացիների հետ կազմում էին ընդհանուր թվի ավելի քան 50%-ը։ Նման երևույթները, սակայն, որոշակի չափով հավասարակշռվել են մշտական կապերով ու շփումներով՝ Հայաստանում ապրող իրենց հայրենակիցների հետ։ Մահմեդական բնակչություն ունեցող Ադրբեջանում և միջինասիական հանրապետություններում (Տաջիկստանում, Թուրքմենիայում և այլուր) տեղի մշակույթների ազդեցությունը եղել և մնում է սահմանափակ։

Խորհրդային Միության ամենահայաշատ հանրապետություններից էր Վրաստանը։ Այստեղ հայերի հիմնական մասը այսօր էլ բնակվում է Հայաստանի սահմանամերձ Ախալքալակի և Ախալցխայի շրջաններում (պատմական Ջավախք), նաև մայրաքաղաք Թբիլիսիում, որը մինչև 1920-ական թթ. հայության մշակութային և քաղաքական կենտրոններից էր։ Խորհրդային իշխանությունների օրոք վիրահայերի ազգային-մշակութային կյանքն ու գործունեությունը նույնպես ենթարկվեցին տարբեր սահմանափակումների և ճնշումների։ Դրանք այսօր էլ հատկապես ուժեղանում են տեղի ազգայնական ուժերի աշխուժացման հետևանքով։ Դրա հետ մեկտեղ՝ վիրահայերի բազմադարյա պատմությունը և մեծ ավանդը Վրաստանի զարգացման գործում, նրանց թվաքանակն ու համահավաք բնակությունը կանխորոշեցին հայկական դպրոցների, հայալեզու թերթի, թատրոնի և այլնի գոյությունը։

Հայերը, որպես Խորհրդային Միության լիիրավ քաղաքացիներ, սկզբից ևեթ ակտիվ դեր խաղացին երկրի քաղաքական, մտավոր և հոգևոր կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Նրանք եղան պետական տարբեր մարմինների, զինված ուժերի ղեկավարներ (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անաստաս Միկոյան, մարշալներ Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան, ծովակալ Հովհաննես Իսակով)։ Հատկապես մեծ էր հայերի ավանդը երկրի գիտության և մշակույթի զարգացման գործում (Արտյոմ Միկոյան, Հովսեփ և Լևոն Օրբելիներ, Աբրահամ և Արտեմ Ալիխանյաններ, Արամ Խաչատրյան, Պավել Լիսիցյան, Ռուբեն Սիմոնով և շատ ուրիշներ)։ Այդ ավանդույթը ներկայումս շարունակում է Ռուսաստանի Դաշնության հայությունը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ պետությունները որդեգրել են նոր քաղաքականություն ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում է հաստատվել Հայաստանից և Ադրբեջանից արտագաղթած հայերի ճնշող մեծամասնությունը։ Ռուսաստանի ավելի քան 2 մլն հայ բնակչության զգալի մասը ապրում է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում։ Ինչպես Արևելքի երկրներից Արևմուտքի երկրներ ներգաղթած հայերը, այս դեպքում էլ Հայաստանից Ռուսաստան, Ուկրաինա և այլուր ներգաղթած հայերը նպաստեցին ազգային կյանքի աշխուժացմանը։ Հայկական նոր համայնքներ են ձևավորվել բոլոր հայաբնակ վայրերում, վերաբացվել կամ հիմնվել են հայկական եկեղեցիներ, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ, սկսել են հրատարակվել պարբերականներ՝ որպես կանոն տեղական լեզուներով։ ԱՊՀ երկրների հայ համայնքների հատկանշական առանձնահատկություններից է այն, որ այստեղ սփյուռքյան ավանդական որոշ կազմակերպություններ (ազգային կուսակցություններ, մշակութային միություններ և այլն) չեն գործում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours