Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Հայաստան-սփյուռք հարաբերություններըՍփյուռքի հարաբերությունները Խորհրդային Հայաստանի հետ

Սփյուռքի հարաբերությունները Խորհրդային Հայաստանի հետ

Հայ սփյուռքի կենսունակության գրավականը նրա մշտական և բազմաբնույթ հարաբերություններն են Հայաստանի հետ։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ինչպես հայտնի է, շատ կարճ պատմություն ունեցավ (1918 մայիս – 1920 դեկտեմբեր), ուստի նրա և դեռ ձևավորման փուլում գտնվող սփյուռքի միջև կանոնավոր փոխհարաբերությունների մասին դժվար է խոսել։ Ազգային պետականության վերականգնումը մեծ ոգևորությամբ ընդունվեց արտասահմանի հայության կողմից։ Մի շարք երկրներից Հայաստան եկան գիտնականներ, բարձրորակ մասնագետներ, ռուսական բանակի հայազգի սպաներ` հայրենիքի վերաշինմանը մասնակցելու նպատակով։

Առաջին Հանրապետությանը հաջորդած Խորհրդային Հայաստանի քաղաքականությունը սփյուռքի հանդեպ բացասաբար ազդեց հայ ժողովրդի երկու հատվածների փոխհարաբերությունների վրա։ Խորհրդային կարգերի օրոք Հայաստանի բոլոր տեսակի շփումները սփյուռքի հետ պլանավորվում և վերահսկվում էին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից։ Եվ այդ հարաբերությունները անպայմանորեն ծառայեցվում էին երկրի պետական և քաղաքական շահերին։ ԽՍՀՄ գոյության առաջին օրերից նրա արտաքին քաղաքականությունը հիմնված էր դասակարգային անհաշտ պայքարի, համաշխարհային հեղափոխության գաղափարների վրա։ Հետևելով դրան՝ Հայաստանի իշխանությունները փորձում էին սփյուռքահայերի մեջ սեր և նվիրվածություն սերմանել խորհրդային կարգերի հանդեպ, նրանց ներքաշել իրենց երկրների հեղափոխական շարժումների մեջ։ Միաժամանակ սփյուռքահայ կազմակերպությունները և հատկապես ազգային կուսակցությունները հայտարարվեցին Խորհրդային Հայաստանի և անգամ սփյուռքահայ աշխատավորության թշնամիներ, որոնց դեմ պետք էր պայքար մղել։

Այդ քաղաքականությանը ծառայեցվեց նաև 1921թ. Հայաստանի կառավարության որոշումով ստեղծված Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), որի առաջին նախագահն էր Հովհաննես Թումանյանը։ ՀՕԿ-ի հիմնական նպատակներն էին ներգրավել արտասահմանի հայությանը երկրի վերաշինության գործին, սերտ կապեր հաստատել նրա և Հայաստանի միջև։ Տարբեր երկրներում ՀՕԿ-ի մասնաճյուղերը սկզբնական շրջանում հավատարիմ մնացին այդ նպատակներին, սկսեցին կարևոր դեր խաղալ սփյուռքի ազգային կյանքում։ Սակայն հետզհետե, հետևելով Երևանից ստացած հրահանգներին, նրանք իրենց գործունեությունը ծառայեցրին կոմունիստական գաղափարախոսության քարոզչությանը։ Նման դիրքորոշումը բացասաբար ազդեց ՀՕԿ-ի հեղինակության վրա, իսկ որոշ երկրների իշխանությունները ընդհանրապես արգելեցին նրա գործունեությունը։ Իրենց հերթին Խորհրդային Միության իշխանությունները 1937թ. լուծարեցին ՀՕԿ-ը՝ հակախորհրդային գործունեության շինծու մեղադրանքներով։

Միակ սփյուռքահայ կազմակերպությունը, որին խորհրդային իշխանությունները թույլատրեցին գործել Հայաստանում, եղավ ՀԲԸՄ-ն։ Վերջինս գործեց 1923-ից մինչև 1937թ., երբ նրա գործունեությունը նույնպես արգելվեց։ ՀԲԸՄ-ն Երևանում կառուցեց այսօր էլ գործող Մարի Նուբար ակնաբուժարանը, Դարուհի Հակոբյան մայրանոցը (ծննդատունը), բնակելի շենք մտավորականների համար, ինչպես նաև Նուբարաշեն ավանը, Նոր Եվդոկիա գյուղը և այլն։ ՀԲԸՄ-ն նաև նյութապես օժանդակում էր Երևանի համալսարանին, նրա լավագույն ուսանողներին գործուղում էր Եվրոպայի երկրներ՝ տեղի համալսարաններում ուսանելու համար, Մելքոնյան ֆոնդի միջոցներով հրատարակեց հայագիտական արժեքավոր աշխատություններ և այլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը, գլխավորելով կոմունիստական երկրների խմբավորումը և ձգտելով է՛լ ավելի ընդլայնել իր ազդեցության ոլորտները, որդեգրեց ավելի ճկուն քաղաքականություն։ Համապատասխանաբար խմբագրվեց նաև Հայաստանի քաղաքականությունը սփյուռքի հանդեպ։ ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ը իրենց կառույցներով սկսեցին դիտվել որպես «առաջադիմական, հայրենասիրական» ուժեր, և նրանց ընձեռվեցին Հայաստանի հետ շփվելու որոշ հնարավորություններ։ ՀՀԴ-ի հանդեպ խորհրդային իշխանությունների անհանդուրժողական դիրքորոշումը մնաց անփոփոխ։

Արտասահմանի հայության նկատմամբ նոր քաղաքականության արդյունք էր նաև 1964թ. Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի ստեղծումը։ Կոմիտեն արդյունավետ գործունեություն ծավալեց, այն համակարգում և ղեկավարում էր Հայաստանի հարաբերությունները սփյուռքի հետ։ Հատկապես արժեքավոր էր Հայաստանի օժանդակությունը կրթական և մշակութային ոլորտներում։ Սկսած 1960-ական թվականներից Հայաստանի բուհերում անվճար ուսում ստացան ավելի քան հազար սփյուռքահայ ուսանողներ։ Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվում էին ամենամյա ամառային դասընթացներ, նույն այդ դպրոցներ էին առաքվում Երևանում հրատարակված դասագրքեր, գեղարվեստական գրականություն և այլ անհրաժեշտ նյութեր։ Տարբեր երկրների հայաշատ քաղաքներ հյուրախաղերի էին մեկնում Հայաստանի հայտնի ստեղծագործական խմբեր, արվեստի անվանի գործիչներ։

Այս բոլոր դրական փոփոխությունների հետ մեկտեղ, հայ ժողովրդի երկու հատվածները, սակայն, շարունակեցին ապրել իրարից մեկուսացած ու անջատ։ Դրա հետևանքով մի կողմից էլ ավելի խորացան արևմտահայերին և արևելահայերին պատմականորեն բնորոշ առանձնահատկությունները։ Մյուս կողմից, հայաստանաբնակների և սփյուռքահայերի մեջ ձևավորվեցին միմյանց մասին թյուր, անիրատեսական պատկերացումներ, որոնք վերաբերում էին ամենատարբեր, այդ թվում նաև ազգային-քաղաքական խնդիրներին։ Զրկված լինելով հայրենիքի հետ անմիջականորեն հաղորդակցվելուց՝ ափյուռքահայերի մեջ ազգամշակութային ձուլման երևույթները ընթացան առավել արագությամբ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours