Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Հայաստան-սփյուռք հարաբերություններըՍփյուռքահայերի ներգաղթը Հայաստան

Սփյուռքահայերի ներգաղթը Հայաստան

Հայաստան-սփյուռք հարաբերությունների պատմության մեջ առանձնահատուկ կարևորություն է ունեցել Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված սփյուռքահայերի զանգվածային ներգաղթը կամ հայրենադարձությունը։ Ներգաղթողների առաջին խումբը՝ մոտ 3000 մարդ Միջագետքից (այժմյան Իրաքի տարածք) Հայաստան եկավ 1921թ. վերջին։ Հետագա տարիներին (1922-1926, 1932-33, 1936 թվականներ) Հունաստանից, Իրանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 39 հզ. հայ։

Նկատի առնելով հայրենադարձների տեղավորման հետ կապված դժվարությունները՝ սփյուռքում գործող որոշ հայրենակցական միություններ, սկսած 1920-ական թվականների կեսերից, ֆինանսավորեցին Երևանի շրջակայքում ավանների կառուցումը։ Այդ ավանները՝ Նոր Խարբերդ, Նոր Մալաթիա, Նոր Բութանիա, Նոր Արաբկիր, Նոր Զեյթուն, Նոր Կիլիկիա, հետագայում ներառվեցին Երևանի տարածքի մեջ։ Սփյուռքահայերի զանգվածային ներգաղթի այս՝ առաջին փուլը չունեցավ իր շարունակությունը. 1937թ. խորհրդային իշխանությունները խզեցին բոլոր տեսակի կապերը սփյուռքի հետ։

Զանգվածային հայրենադարձության երկրորդ փուլը սկսվեց արդեն 1946թ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Ստալինի տարածքային ձեռքբերումների քաղաքականության նպատակներից էր նաև վերատիրանալ 1921թ. պայմանագրով Թուրքիային անցած հայկական տարածքներին։ Այն իրականացնելու համար մշակվեց գործողությունների հատուկ ծրագիր, որում որոշակի դեր էր վերապահված նաև սփյուռքահայությանը։ Մոսկվայի ջանքերով սփյուռքահայությունը տեղեկացավ թե նշված տարածքների մոտալուտ միացմանը Խորհրդային Հայաստանին և թե զանգվածային նոր ներգաղթի թույլտվության մասին։ Այդ լուրից ոգևորված՝ սփյուռքահայերը բազմաթիվ դիմումներ էին հղում ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով վերադառնալ հայրենիք։ Խորհրդային Միությունը այդ դիմումները նույնպես օգտագործեց Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջների հիմնավորման համար, քանի որ Հայաստանի եղած տարածքում անհնար էր ընդունել բոլոր ցանկացողներին։

1946թ. հունիսին Հայաստան հասան առաջին հայրենադարձները, իսկ 1946-1948թթ. Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ներգաղթած հայերի ընդհանուր բանակը կազմեց շուրջ 90 հազար մարդ։ 1949թ. երկրի իշխանությունները դադարեցրին ներգաղթը, քանի որ սկսված «սառը պատերազմը» և ԱՄՆ-ի պաշտպանության տակ Թուրքիայի հայտնվելը («Տրումենի դոկտրինը») ստիպեցին Ստալինին հրաժարվել իր մտադրությունից։

Հայաստան ներգաղթած հայությունը հայտնվեց դժվարին կենսապայմաններում։ Առավել ծանր հետևանքներ ունեցավ նրանց նկատմամբ իշխանությունների անվստահությունը, որի արդյունքում 1949-ին ներգաղթողների մի մասը, տեղաբնակ հայերի հետ միասին, աքսորվեց Խորհրդային Միության հեռավոր շրջաններ։

Չնայած այդ և այլ բացասական երևույթներին, բոլոր տարիներին հայրենիք ներգաղթածները և նրանց արդեն Հայաստանում մեծացած ու ուսում ստացած զավակները նպաստեցին երկրի զարգացմանը։ Հատկապես նշանակալից էր նրանց ավանդը մշակույթի և գիտության ոլորտում (Հրաչյա Ներսիսյան, Երվանդ Քոչար, Գոհար Գասպարյան, ակադեմիկոսներ Մկրտիչ Տեր-Կարապետյան, Համլետ Վարդապետյան, Մանվել Զուլալյան, Հրաչ Բարթիկյան և շատ ուրիշներ)։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours