Հայաստանը վաղ միջնադարումՀայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակն Արշակունյաց թագավորության անկումից հետոՄարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր

Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր

Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները: Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը: Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձևեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:

Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры