Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինՀասարակական-քաղաքական կյանքըՔաղաքական բռնությունների նոր փուլը

Քաղաքական բռնությունների նոր փուլը

Պատերազմը որոշ չափով փոխել էր ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին ձևավորված հասարակական-քաղաքական մթնոլորտը։ Ստեղծված պայմաններն ստիպում էին մարդկանց մտածել ու գործել ինքնուրույն և Երբեմն դիմել քայլերի, որոնք ոչ միշտ էին համահունչ տիրող գաղափարախոսությանը։ Այդ երևույթները մտահոգում էին իշխանություններին, և նրանք դիմում էին բռնությունների։

Իշխանությունների գործը դյուրին էր այնքանով, որ երկրի բնակչության մեծամասնությունը պատերազմում տարած հաղթանակը վերագրում էր Ստալինին ու կուսակցությանը և հավատում էր նրանց անսխալականությանը։

Իշխանությունները մտավորականության շրջանում թուլացած գաղափարական վերահսկողությունը վերականգնելու նպատակով ձեռնարկեցին մի շարք «միջոցառումներ»։

1946թ. օգոստոսի 14-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրեց հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվում էին «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հատուկ քննադատության ենթարկվեցին գրող Միխայիլ Զոշչենկոն և բանաստեղծուհի Աննա Ախմատովան։

Այդ որոշումը կուսակցության Կենտկոմի հատուկ ցուցումով քննարկվեց բոլոր հանրապետություններում։ Սեպտեմբերին այն քննարկվեց նաև Հայաստանի գրողների ընդհանուր ժողովում, ապա՝ համագումարում։ Համագումարը, համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշեց հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուաազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացման, ազգայնական գաղափարներով պարփակման» բազմաթիվ փաստեր։

ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկնելով Մոսկվայի որոշումները, գաղափարական աշխատանքներում շեղումներ թույլ տված մտավորականներ էր հայտնաբերում նաև Հայաստանում։

1940-ական թվականների վերջերից նորից սկսվեցին բռնաճնշումները։ 1949թ. հունվարին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ Անդրկովկասի տարածաշրջանում և սևծովյան առափնյա շրջաններում սկսում են կազմվել նախկին դաշնակցականների, հայ լեգեոնականների, հայրենադարձների ու նրանց ընտանիքների ցուցակներ։ Նախապատրաստվում էր հայ բնակչության զանգվածային արտաքսում Ալթայի երկրամաս։ Այդ աշխատանքներն իրականացվում էին գաղտնի պայմաններում։

Արտաքսման գործը կազմակերպելու համար Երևան է ժամանում գեներալ Բոգդան Քոբուլովը։ Հունիսի 11-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմում խիստ գաղտնի պայմաններում տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցում էին կուսակցության և պետական անվտանգության բարձրաստիճան աշխատակիցներ։ Երեք օր անց առավոտյան սկսվեց արտաքսման գործողությունը, որն ավարտվեց նույն օրը երեկոյան։

Բեռնատար շարժակազմերով 2750 ընտանիք՝ ավելի քան 13 հազար մարդ, արտաքսվեց Ալթայի երկրամաս։ Ստալինի մահվանից հետո նրանք արդարացվեցին և վերադարձան հայրենիք։

Գիտությունների ակադեմիայում, պետական համալսարանում, մյուս բուհերում, այսպես կոչված, միասնական հոսանքի, օտարամոլության և այլ արատների մեջ 1950-ական թվականների սկզբներին մեղադրվեցին անվանի գիտնականներ Հր. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Մ. Ներսիսյանը, Աբ. Հովհաննիսյանը, Վ. Ռշտունին, Ա. Թախտաջյանը և ուրիշներ։

Դրությունը որոշ չափով փոխվեց, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն սխալ համարեց միասնական հոսանքի մեջ մտավորականներին մեղադրելու քաղաքականությունը։ Դասախոսական աշխատանքում վերականգնվեցին Աճառյանն ու Ղափանցյանը։ Նկարիչ Մարտիրոս Սարյանը, որը նույնպես հալածանքների էր ենթարկվել, ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры