Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Հայկական սփյուռքի առաջացումըՍփյուռքի կառուցվածքը

Սփյուռքի կառուցվածքը

Հայկական սփյուռքի առանձնահատկություններից է այն, որ նա ձևավորվեց տարբեր երկրներում արդեն գոյություն ունեցող հայ համայնքների հիման վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայերը բնակվում էին Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Լիբանանում, Սիրիայում, Հնդկաստանում և այլուր։ Տարբեր ժամանակներում հիմնված բնակչության տարբեր քանակ ունեցող այս և ուրիշ այլ համայնքներում գոյություն ունեին բազմապիսի կազմակերպություններ ու հաստատություններ՝ եկեղեցիներ, մշակութային, բարեսիրական, հայրենակցական միություններ, մամուլ, դպրոցներ և այլն։ Եվ բնական է, որ հայրենիքից բռնագաղթված հայությունը ձգտում էր հաստատվել նախ և առաջ հենց այդ երկրներում՝ արդարացիորեն ապավինելով ազգակիցների օժանդակությանը։

Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Սիրիա և Միջագետք (այժմյան Իրաք) բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատվեց նույն այդ երկրներում, ինչպես նաև Լիբանանում, Հունաստանում, Եգիպտոսում, Պաղեստինում։ Հետագայում նրանց մի մասը տեղափոխվեց Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ։

Երկրորդ աշխարհամարտից հետո սկսվեց սփյուռքահայերի տեղաշարժերի նոր շրջան, որը որոշ ընդմիջումներով և տարբեր ուժգնությամբ շարունակվում է ցայսօր։ 1947-1951թթ. ԱՄՆ տեղափոխվեցին շուրջ 4,5 հազար հայեր։ Դրանք հիմնականում ռազմագերիներ էին կամ քշվել էին նացիստական Գերմանիա Խորհրդային Միության գրավված շրջաններից։ Զգալի թվով հայեր արտագաղթեցին ԱՍՆ, Կանադա, Ավստրալիա Արևելյան Եվրոպայի երկրներից (Բուլղարիա, Ռումինիա) ու Չինաստանից, քանի որ տեղի կոմունիստական նոր իշխանությունները անհնար էին դարձրել ազգային փոքրամասնությունների բնականոն կյանքը։

Անհամեմատ ավելի մեծ չափերի հասավ հայերի արտագաղթը Եգիպտոսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Արևելքի մահմեդական այլ երկրներից։ Այն սկսվեց 1950-ական թթ. վերջին՝ հիմնականում ցածր կենսամակարդակի, գործազրկության, բնիկ ժողովուրդների մեջ ազգայնական տրամադրությունների աշխուժացման, ռազմաքաղաքական անկայունության (քաղաքացիական պատերազմը Լիբանանում, Իսլամական հեղափոխությունը Իրանում, իրանա-իրաքյան պատերազմը և այլն) պատճառով։ Տեղի հայերի բացարձակ մեծամասնությունը ներգաղթեց Արևմուտքի զարգացած երկրներ։ Գիտակցելով այդ երկրներում սոցիալ-տնտեսական հնքնահաստատման, ազգային ինքնության պահպանման դժվարությունները՝ նրանք, այնուամենայնիվ, նախընտրեցին ժողովրդավարական հասարակարգն ու քաղաքական կայունությունը։ ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում նորեկները համալրեցին տեղի հայ համայնքները։ Շվեդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում և այլ երկրներում նրանք հիմնեցին նոր համայնքներ կամ վերակենդանացրին եղածները։

Զգալի տեղաշարժեր կատարվեցին նախկին Խորհրդային Միության տարածքում։ Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1944թ., երկրի իշխանությունները իրականացրին Ղրիմում ապրող մի շարք ժողովուրդների, այդ թվում նաև հայերի արտաքսումը Ղազախստան և Ռուսաստանի Ալթայի մարզ։ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի կոտորածների ու համատարած հալածանքների հետևանքով տեղի ողջ հայ բնակչությունը (շուրջ 400 հզ.) հարկադրաբար արտագաղթեց Հայաստան, Ռուսաստան և այլուր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Վրաստանում և միջինասիական նորանկախ պետություններում (Տաջիկիստան, Ղրղզստան, Թուրքմենիա) տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակի, ազգայնական տրամադրությունների ուժեղացման հետևանքով տեղի հայերի մի մասը տեղափոխվեց Ռուսաստանի տարբեր շրջաններ։

Սփյուռքահայությունը զգալի աճ ունեցավ 1990-ական թթ., երբ սկսվեց նախադեպը չունեցող զանգվածային արտագաղթը Հայաստանից։ Այդ արտագաղթը պայմանավորված էր սոցիալ-տնտեսական գործոններով՝ գործազրկություն, խիստ ցածր կենսամակարդակ, սոցիալական անարդարություն և այլն։ Ավելի քան 1 մլն արտագաղթածների մեծ մասը բնակություն հաստատեց Ռուսաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։

Այսօր հայկական համայնքներ գոյություն ունեն Մերձավոր և Միջին Արևելքում (Իրան, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Իսրայել և այլն), Աֆրիկայում (Եգիպտոս, Եթովպիա և այլն), Եվրոպայում (Ֆրանսիա, Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Անգլիա և այլն), Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա և այլն), Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, հետխորհրդային տարածքում առաջացած պետություններում (Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Թուրքմենիա և այլն)։

Ամենակարևոր քանակական փոփոխություններն են. վերացել է Ադրբեջանի խոշոր հայ համայնքը, զգալիորեն նվազել է Միջին Արևելքի երկրներում ապրող հայության թվաքանակը։ Ի հաշիվ դրա՝ ստվարացել են նախ և առաջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների հայկական համայնքները։ Սփյուռքահայերի հիմնական զանգվածը այսօր բնակվում է Ռուսաստանում (ավելի քան 2 մլն), ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն), Վրաստանում և Ֆրանսիայում (յուրաքանչյուրում շուրջ 450 հազար), Ուկրաինայում (շուրջ 130 հազար), Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Արգենտինայում, Կանադայում, Ավստրալիայում (յուրաքանչյուրում շուրջ 70-80 հազար)։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры