Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)1920թ. թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի Հանրապետության անկումըԵրևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։

Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։

Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։

1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։

Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ