Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանը պարսկական և օսմանյան վարչական բաժանումներում և հայկական իշխանություններըԱրևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում

Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում

Պարսկական և Օսմանյան պետությունները դեռևս XVI դ. փորձում էին իրենց գրաված հայկական տարածքներում հաստատել վարչական կայուն համակարգ։ Դա նրանց հաջողվեց միայն 1639թ. հաշտությունից հետո, երբ հաստատվեց երկարատև խաղաղություն։

Արևելյան Հայաստանում, որպես վարչական միավորներ, կազմակերպվեցին վիլայեթներ կամ բեգլարբեգություևներ։ Նրանց կառավարիչները կոչվում էին բեգլարբեգներ կամ խաներ, որոնք նշանակվում էին պարսից շահի կողմից՝ անորոշ ժամանակով։ Նրանց պարտականությունն էր հետևել իրենց կառավարմանը հանձնված երկրամասի ներքին կարգ ու կանոնին, պաշտպանել այն օտար հարձակումներից, բաշխել և հավաքագրել շահական գանձարան մուծվող հարկերն ու տուրքերը։ Խանության կառավարման գրասենյակը կոչվում էր դիվանխանա։ Խաներն ունեին իրենց զորքը, դատարանը և ոստիկանությունը։

Վիլայեթները բաժանվում էին մահալների։ Օրինակ՝ Երևանի վիլայեթը բաժանված էր 15 մահալի։ Յուրաքանչյուր մահալ ուներ իր կառավարիչը, որը նշանակվում էր խանի կողմից։ Դրանք կոչվում էին նայիբ, միրբոլուք կամ մելիք։ Երևանի խանությունում նրանք հիմնականում կոչվում էին միրբոլուք։ Սրանք բացարձակ տեր ու տնօրեն էին իրենց ենթակա մահալներում։ Մահալների կառավարիչներն իրենց հերթին ունեին ենթակա պաշտոնյաներ գյուղերում, որոնք կոչվում էին տանուտեր կամ գյուղական մելիք։

Արևելյան Հայաստանում քաղաքական և ռազմական նշանակությամբ կարևոր տեղ էր հատկացվում Երևանի և Գանձակի վիլայեթներին։ Շահ Աբասը Երևանի վիլայեթի առաջին կառավարիչ նշանակեց իր աչքի ընկնող զորապետերից մեկին՝ Ամիրգունա խանին։ Նրա վրա էր դրված պարսկական պետության արևմտյան սահմանի պաշտպանությունը թուրքերի հնարավոր հարձակումներից։ Վիլայեթի տնտեսությունը վերականգնելու և թուրքերից այն պաշտպանելու համար Ամիրգունա խանը ձեռնամուխ եղավ բռնագաղթի պատճառով դատարկված Այրարատյան դաշտը և հարակից շրջանները կրկին վերաբնակեցնելուն։ Այդ նպատակով խանը մի շարք արշավանքներ կազմակերպեց Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայկական գավառներ և մեծ թվով հայերի տեղափոխեց Երևան ու Այրարատյան դաշտ։

Ամիրգունան Երևանի վիլայեթը, որի տարածքի մեջ էր մտնում Արևելյան Հայաստանի մեծ մասը, կառավարեց 20 տարի (1605-1625)։ Խանը փորձեց կարգավորել երկրի հողային հարաբերությունները։ Նախկին կալվածատերերը, պետական պաշտոնյաները և վանքերը վերականգնեցին իրենց իրավունքները։ Կարգի բերվեցին ոռոգման ցանցը, հարկերը և տուրքերը։ Հայ ժողովուրդը ձեռնամուխ եղավ երկրի շենացմանը։

Զարգացավ տնտեսական կյանքը, վերաշինվեցին ավերակների վերածված գյուղերն ու քաղաքները։ Վերականգնվեցին ավերված վանքերն ու եկեղեցիները։ Նորոգվեցին մասնավորապես Էջմիածնի եկեղեցիները։ Աշխուժացան արհեստներն ու առևտուրը։ Վերելք ապրեցին Երևանը, Նախիջևանը, Ագուլիսը, Գանձակը։

Արևելյան Հայաստանի մեջ մտնող Նախիջևանի երկրամասը միացվեց Երևանի վիլայեթին որոշ ժամանակ անց։ Այն ընդգրկում էր Սյունիքի արևմտյան մասերը և Նախիջևանի շրջանը։ Արևելյան Հայաստանի որոշ շրջաններ մտնում էին Թավրիզի վիլայեթի մեջ (Մակու, Կապան, Խոյ, Սալմաստ)։

Արցախի և Ուտիքի մելիքությունները, Սյունիքի մի մասի հետ, թեև մտնում էին Գանձակի վիլայեթի մեջ, սովորաբար ենթարկվում էին անմիջապես պարսից շահին։ Լոռին և Տավուշը գտնվում էին Վրաց (Քարթլիի) թագավորության ենթակայության ներքո։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours