Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանը պարսկական և օսմանյան վարչական բաժանումներում և հայկական իշխանություններըՎարչական բաժանումներն Արևմտյան Հայաստանում

Վարչական բաժանումներն Արևմտյան Հայաստանում

Օսմանյան Թուրքիային անցած հայկական հողերում ստեղծված վարչական միավորները կոչվում էին էյալեթներ։ Ավելի ուշ դրանցից ձևավորվեցին փաշայությունները։ XVII դ. դրանք հետևյալներն էին՝ Կարսի, Չըլդրի, Արզրումի, Վանի, Դիարբեքիրի, Մարաշի, Սվասի և Ադանայի էյալեթները։ էյալեթում իշխանությունը գտնվում էր սուլթանի նշանակած փաշայի ձեռքում։ էյալեթները բաժանվում էին սանջակների (գավառների)։ Յուրաքանչյուր սանջակ ուներ իր կառավարիչն ու ենթակա պաշտոնյաները։ Սրանք նշանակվում էին փաշայի կողմից և ենթակա էին նրան։ Սանջակի կառավարիչ բեյը կամ բեկը ուներ նույն իրավունքները սանջակում, ինչ որ փաշան՝ էյալեթում։

Բեյերը կամ բեկերը իրենց սանջակներում հսկում էին հարկերի ժամանակին հավաքմանը, լուծում էին բնակչության միջև ծագած վեճերը, հետևում կարգ ու կանոնին և դատավճիռներ կայացնում։

Գյուղերում իշխանությունը գտնվում էր գյուղի տանուտերի (ռեսի) ձեռքին։ Ռեսը պարտավոր էր հետևել գյուղի համար սահմանված հարկերի հավաքմանը, գյուղական մանր վեճերի լուծմանը, ընդունել գյուղ եկած պաշտոնյաներին և իրագործել վերևից եկած բոլոր կարգադրությունները։

Օսմանյան Թուրքիայում պաշտոնյաների նշանակման կարգը խիստ արատավոր էր։ Պաշտոնները դառնում էին սովորական առուծախի առարկա։ Սուլթանը որևէ մեկին փաշայի պաշտոնում նշանակելիս պահանջում էր, որ պաշտոն ստացողը նախօրոք էյալեթի մի տարվա հարկի չափ գումար մուծեր պետական գանձարան։ Փաշային իրավունք էր վերապահվում հարկերը գանձել իր օգտին։ Այդպես էր վարվում փաշան, երբ նշանակում էր սանջակի կառավարիչներ։ Գնալով ավելի մեծ գումարներ էին պահանջվում փաշա, ինչպես նաև սանջակի կառավարիչ դառնալու համար։ Կաշառքով պաշտոնի նշանակելն այնքան սովորական էր, որ պաշտոնները նույնիսկ աճուրդի էին հանվում։ Պաշտոնյան ամեն տարի պիտի նորոգեր իր իրավունքները կաշառքով։ Եթե զլանում էր, ապա նրա պաշտոնն անցնում էր մեկ ուրիշին, ով ավելի մեծ գումար կվճարեր։

Կաշառակերությունը Օսմանյան կայսրությունում առասպելական չափերի էր հասնում։ Այդ են վկայում եվրոպացի ճանապարհորդները և պատմիչները։ Բոլոր պաշտոնները գնվում և վաճառվում էին, ու յուրաքանչյուր ենթակա պարտավոր էր որոշակի գումար հատկացնել իր պետին։ Այս բոլորը վճարվում էր հասարակ ժողովրդի և հատկապես քրիստոնյա հայերի անտանելի հարստահարության հաշվին։

Հայ բնակչության համար մեծ պատուհաս էր դարձել հաճախակի կրկնվող մանկահավաքությունը։ Սուլթանի հրամանով քրիստոնյաներից բռնի հավաքագրում էին առողջ և բարձրահասակ մանկահասակ տղաներին, հավատափոխ անում և վերցնում զինվորական ծառայության։ Նրանցից էին կազմվում ենիչերական զորքերը, որոնք թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերն էին։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours