Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանը պարսկական և օսմանյան վարչական բաժանումներում և հայկական իշխանություններըՀայկական իշխանությունները XVII դ. առաջին կեսին

Հայկական իշխանությունները XVII դ. առաջին կեսին

Հայաստանին տիրած բոլոր նվաճողները աշխատել են ոչնչացնել հայ իշխանական դասն ու հայկական իշխանությունները։ Նրանց մի մասին հաջողվել է իր գոյությունը պահպանել Հայաստանի լեռնային անառիկ շրջաններում և գոյատևել մինչև XIX դ. սկզբները։

Հայ ավատատերերից ոմանք հպատակվել են նվաճողներին և պահպանել իրենց գոյությունը։ Իսկ մյուսները, չդիմանալով նվաճողների ճնշումներին, արտագաղթել են երկրից։ Հայ իշխանավորներից ոմանք էլ իրենց սեփական տիրույթները փրկելու համար դրանք կամովին հանձնել են եկեղեցուն, իսկ իրենք ընդունել հոգևոր աստիճան։ Նրանք հայտնի են պարոնտեր անունով։

Հայ իշխաններից ոմանք էլ, թեև ընդունել են նվաճողների գերիշխանությունը՝ հպատակվելով նրանց, աշխատել են ամեն գնով պահպանել իրենց ինքնավարությունը։ Այդպիսի իշխանություններից էին Սյունիքի, Արցախի և Գեղարքունիքի մելիքությունները, որոնց գլուխ կանգնած էին մելիքները։ Դեռևս XVI դ. հայտնի են եղել Խաչենի և Վարանդայի մելիքությունները։ Ավելի ուշ մելիքություններ են կազմակերպվել Գյուլիստանում, Ջրաբերդում, Դիզակում ու Սյունիքի գավառներում։ Մելիքներն Արցախի և Սյունիքի նախկին հայ իշխանական տների ժառանգներն էին, որոնց իրավունքները ճանաչեցին պարսից շահերը։ Նրանք անմիջապես ենթակա էին շահին՝ ճանաչելով նրան իրենց գերագույն իշխող։ Նրանք ունեին իրենց դղյակը, ամրոցը, զորքը և պաշտոնյաները։ Որպես հպատակ նրանք շահին միայն հարկ էին վճարում։ Մելիքի պաշտոնը ժառանգական էր, բայց մահացած մելիքի պաշտոնի ժառանգումը պիտի հաստատվեր շահի կողմից։ Մելիքներն էին նշանակում և հավաքում հարկերն ու տուրքերը, լուծում բոլոր վեճերը։ Գյուղերում նրանց իշխանությունը իրագործում էր տանուտերը։ Պատերազմների ժամանակ մելիքները պարտավոր էին իրենց զորքով ներկայանալ շահին, պաշտպանել երկիրը օտար թշնամուց։ Մելիքներն ունեին ընդարձակ հողատարածքներ, որից ստացված եկամուտը միայն իրենք էին տնօրինում։

Արևմտյան Հայաստանում հայկական իշխանություններ էին պահպանվել Շատախում, Մոկսում, Սասունում, Զեյթունում, Համշենում և այլուր։ Հայ ժողովրդի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Զեյթունը, որը գտնվում էր Կիլիկիայի՝ լեռներով շրջապատված մի փոքրիկ հովտում։ Այստեղ բնակվում էին 20-30 հազար հայեր։ Նրանք մինչև XVII դ. չէին ենթարկվում նույնիսկ հզոր Օսմանյան պետությանը։ Երկար պայքարից հետո միայն նրանք համաձայնեցին Օսմանյան պետությանը հարկ վճարել՝ իրենց ներքին անկախությունը պահելու պայմանով։ Ազատության այս օջախն իր կիսանկախությունը պահպանեց մինչև XIX դ. 60-ական թթ.։

Հայկական ինքնավար այդ իշխանությունները խոշոր նշանակություն ունեցան Արևելյան և Արևմտյան Հայաստանում՝ թուրքական և պարսկական տիրապետության դեմ մղած ազատագրական պայքարում։ Դրանք դարձան հայ ազատագրական պայքարի զարթոնքի ու կազմակերպման օջախներ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours