Հայաստանը XX դարի սկզբինՀայոց Մեծ եղեռնըԵղեռնը նախապատրաստելու թուրքական իշխանությունների քաղաքականությունը

Եղեռնը նախապատրաստելու թուրքական իշխանությունների քաղաքականությունը

Սկսված պատերազմը հնարավորություն էր ընձեռում թուրքական կառավարությանը հաշվեհարդար տեսնել կայսրության հայ հպատակների հետ։ Երիտթուրքերն իրականացնում էին 1910-1911 թթ. Սալոնիկ քաղաքում կայացած իրենց կուսակցության գաղտնի ժողովների որոշումները։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող և թուրք ազգությանը չպատկանող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ ոչնչացվեն։

Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներում բնակվող հայ ժողովուրդը դարձավ այս հրեշավոր քաղաքականության առաջին զոհերից մեկը։ Այդ ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար, Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաէդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ երիտթուրքերը ձգտում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրանը» պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Երիտթուրքերը ցանկանում էին այդ ստեղծվելիք պետության մեջ ներգրավել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բացի հայերի զանգվածային տեղահանությունից և կոտորածներից, օսմանյան իշխանություններն իրականացնում են կայսրության մի շարք այլ հպատակ ժողովուրդների՝ ասորիների, հույների և արաբների մասնակի ջարդեր։

Թուրքական իշխանությունների վայրագությունները հանկարծակիի բերեցին նաև այդ ժողովուրդներին։ Հարկ է նշել, որ հայ քաղաքական շրջանակների կողմից ևս իր ամբողջության մեջ չընկալվեց նախադեպը չունեցող արհավիրքը։

1914թ. հոկտեմբերին երիտթուրքերը կազմավորում են Երեքի գործադիր կոմիտե, որին հանձնարարվում է իրականացնել օսմանահպատակ հայերի զանգվածային բռնագաղթն ու կոտորածը։ Նախկին քրեական հանցագործներից կազմակերպվում է «Հատուկ կազմակերպություն»։ Նրանց էր հանձնարարված տեղերում հայերի ջարդը։ Այդ նպատակի համար կայսրությունը բաժանվում է երեք շրջանների. 1. Կիլիկիա և Սիրիա, 2. Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան), 3. Արևմտյան Անատոլիա։

Իրենց հրեշավոր քաղաքականությունն իրագործելու նպատակով թուրքական իշխանությունները հայերին զրկում են դիմադրելու հնարավորությունից։ Նրանք 1915թ. գարնանը առաջին հերթին սկսում են օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց զինաթափումն ու ոչնչացումը։ Նրանք ռազմաճակատից տեղափոխվում են թիկունք, ընդգրկվում բանվորական գումարտակներում։ Հայ զինվորների հետ զինաթափվում են օսմանյան բանակում ծառայող հույները։ Զինաթափված հայերին հանձնարարվում է ամենածանր աշխատանքը՝ ճանապարհների, ամրությունների կառուցումը և բեռների տեղափոխումը։ Ապա անասելի ծանր աշխատանքներից և թերսնվելուց հյուծված հայ զինվորներին 50-ական կամ 100-ական խմբերով զինվորական կամ ոստիկանական հսկողության ներքո դուրս էին բերում իրենց տեղակայված վայրից և ոչնչացնում։

Դրանից հետո երիտթուրքական իշխանությունները, զանազան միջոցներ բանեցնելով, բռնագրավում են հայ բնակչության ունեցած սակավ զենքն ու զինամթերքը։

Օսմանյան կառավարության հաջորդ քայլը կուսակցական, աշխարհիկ, հոգևոր ներկայացուցիչների և մասնավորապես հայ մտավորականության ձերբակալումն ու ոչնչացումն էր։ Այդ քայլով իշխանությունները ցանկանում էին զրկել հայությանը նրա ղեկավարող և կազմակերպող ուժերից։ Ամենածանր հարվածը հասցվում է Կ.Պոլսում։ 1915թ. ապրիլի 24-ին այստեղ ձերբակալվում և աքսորվում են 600-ից ավելի հայ մտավորականներ՝ գրողներ, արվեստագետներ, բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ։ Ձերբակալվածների թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և ուրիշներ։ Աքսորի ճանապարհին հայ մտավորականները ենթարկվում էին զանազան զրկանքների և նվաստացումների։ Կոմիտասը, չդիմանալով իր ժողովրդի դեմ կատարվող վայրագություններին, խելագարվում է։ Հայ մտավորականության մեծ մասը սպանվում է ջարդարարների կողմից։

Հունիսին Կ.Պոլսում կեղծ ամբաստանությունների հիման վրա ձերբակալվում և մահապատժի են ենթարկվում Հնչակյան կուսակցական նշանավոր գործիչ Փարամազը (Մաթևոս Սարգսյան) և իր 19 կուսակցական ընկերները։

Հիմնականում աքսորելով և ոչնչացնելով 18-45 տարեկան հայ տղամարդկանց՝ երիտթուրքական իշխանությունները ձեռնամուխ են լինում գրեթե անպաշտպան մնացած հայ կանանց, երեխաների ու ծերերի բռնագաղթին և կոտորածին։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры