Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներինԵրկրի ինդուստրացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումըԳյուղատնտեսության կոլեկտիվացումը

Գյուղատնտեսության կոլեկտիվացումը

1928-1929 թթ. դժվարություններ էին առաջ եկել հացամթերումների բնագավառում։ Հացի պակասը լրացնելու համար ՀամԿ(բ)Կ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ի. Ստալինի նախաձեռնությամբ հարձակում ծավալվեց կուլակ (ունևոր) գյուղացիների վրա՝ նրանց հացի պաշարները բռնագրավելու համար։ Նրանց համար սահմանվեցին նաև խիստ բարձր հարկեր։

Կուսակցությունը գյուղական մասնավոր տնտեսությունները կոլեկտիվացնելու ծրագիր էր մշակում։ 1927թ. ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարը որոշում ընդունեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը նախապատրաստելու մասին։ Հացամթերման դժվարությունների առիթով կուսակցության ստալինյան ղեկավարությունը պահանջեց արագացնել կոլեկտիվացման տեմպերը։ Եվ դա այն դեպքում, երբ գյուղացին ցանկություն չուներ հրաժարվել անհատական տնտեսությունից և մտնել կոլտնտեսություն։ Սրանով կոպիտ կերպով խախտվում էր կոլեկտիվացման կամավորության սկզբունքը։

Բռնության և հարկադրանքի գործադրումը հանդիպեց գյուղացիության ուժեղ դիմադրությանը։ Գյուղացիների դժգոհության և հակակոլտնտեսային տրամադրության արտահայտություն էին լայն տարածում գտած անասունների մորթը՝ դրանք կոլտնտեսությանը չհանձնելու համար, և «բանդիտական շարժումը»։

Համատարած կոլեկտիվացման ժամանակ կուսակցությունն անցավ կուլակությանը որպես դասակարգ վերացնելու քաղաքականությանը։ Կուլակներին, նրանց ունեցվածքը բռնագրավելուց հետո, ընտանիքով արտաքսում էին գյուղից։

Հայաստանում, ի տարբերություն ԽՍՀՄ շատ շրջանների, կոլտնտեսային շարժման գործընթացը զգալիորեն դանդաղ էր առաջ գնում։ Նման ազգային շրջաններում կոլեկտիվացման հետ մնալու պատճառների հարցը քննարկվեց 1934թ. հուլիսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունում։ Նշվեց, որ այդ շրջաններում կոլեկտիվացման դանդաղ տեմպի պատճառը անհատական տնտեսությունների հարկային թեթև ծանրաբեռնվածությունն է՝ կոլտնտեսությունների համեմատությամբ։

Բնականաբար այդ խորհրդակցությանը հետևեց հարկային բեռի ծանրացումը, որից ելքը գյուղացին տեսնում էր կոլեկտիվ գրվելու մեջ։ Ընդ որում, թեթև չէր նաև կոլտնտեսությունների հարկային բեռը։ Նրանցից պետությունը կատարում էր մեծածավալ մթերումներ։ Այդ պատճառով սով առաջացավ ԽՍՀՄ մի շարք շրջաններում։ Հայաստանի Սևանի գոտու շրջանների հազարավոր գյուղացիներ (մենատնտես և կոլտընտեսական) հեռացան իրենց գյուղերից՝ հաց վաստակելու համար։

Հայաստանում գյուղացիների մեծ մասը հարկադրաբար կոլտնտեսությունների մեջ մտավ հատկապես 1935–1937թթ.։ 1940 թ. հանրապետությունում արդեն ավարտվել էր գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Գոյություն ուներ շուրջ 1000 կոլտնտեսություն։

Գյուղատնտեսության հետ մնալու հիմնական պատճառը սոցիալիստական տնտեսաձևը և պետության հարկային քաղաքականությունն էին, որոնք մերժում էին նյութական շահագրգռվածության սկզբունքը, ապրանքադրամական-շուկայական հարաբերությունները։ Այսինքն՝ բացակայում էին զարգացման համար անհրաժեշտ տնտեսական խթանող պայմանները։

Գյուղատնտեսության կոլեկտիվացումով մենատնտես գյուղացիությունը վերափոխվեց կոլտնտեսային գյուղացիության։ Գյուղացիության մի մասն էլ համալրեց քաղաքային բնակչության, բանվոր դասակարգի շարքերը։ Ձևավորվեց նաև գյուղական մտավորականության խավ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры