Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինՀայաստանի Հանրապետության անկախության գործընթացըԺողովրդական շարժման խորացումը

Ժողովրդական շարժման խորացումը

Հայ ժողովուրդը երկու տարվա արցախյան ազատագրական ծանր ու հետևողական պայքարում չկորցրեց իր ողջամտությունը և դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից։ Նա ավելի համախմբվեց ու դարձավ միասնական։ Սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջ մղեցին ազգային անկախ պետականության վերականգնման խնդիրը։ 1990 թվականին նոր ուժով ծավալված համաժողովրդական շարժումը նպատակամղվեց այդ երազանքի իրականացմանը։

Այդ ժամանակ հայ հասարակական-քաղաքական կյանքում որոշակի բևեռացում նկատվեց։ Արցախի հարցում ԽՍՀՄ ղեկավարության միտումնավոր քաղաքականության և հանրապետության ղեկավարության անհեռատես գործողությունների հետևանքով ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների նկատմամբ։ Փոխարենը ուժեղացավ ժողովրդական շարժման նկատմամբ եղած վստահությունը։ Այս ամենը հանրապետության քաղաքական կյանքում առաջացրեց շրջադարձային փոփոխություններ։ Այդ փոփոխությունների սկիզբը դրվեց 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ժամանակ։ Ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով։ Այս ընտրություններն արմատապես տարբերվում էին խորհրդային իշխանության տարիներին կայացած բոլոր ընտրություններից, որովհետև ընթանում էր ազգային շարժման վերելքի պայմաններում։ Ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաև Արցախի հայ բնակչությունը։ Ընտրական պայքարն ընթանում էր մի կողմից ազդեցության ոլորտները դեռևս պահպանող Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ), իսկ մյուս կողմից բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող Հայոց համազգային շարժման միջև։ Ընտրությունների արդյունքում ստեղծվեց հասարակության մեջ իշխող տրամադրություններն արտացոլող, իր կազմով սկզբունքորեն նոր խորհրդարան, թեև շատ կողմերով դեռևս խորհրդային հասարակարգին հատուկ խորհրդարան, քանզի Հայաստանը շարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում և գործում էր խորհրդային օրենսդրությունը։

Նոր խորհրդարանը սկսեց գործել հուլիսի 20-ից և առաջին իսկ օրերից ակտիվորեն և բարդ պայմաններում ձեռնամուխ եղավ անկախ պետականության ստեղծմանը։ 1990թ. օգոստոսի 4-ին խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры