Համաշխարհային պատմության մեջ III-V դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին:
Ավատատիրական հասարակության ամենաբնորոշ հատկանիշներից մեկն ավատական խոշոր հողատիրությունն էր: Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին:
Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող:
Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց:
Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:
Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով: