Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրըՍևրի պայմանագիրը

Սևրի պայմանագիրը

1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։

Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպբերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։

Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры