Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների հարցի արդարացի լուծման հարցում։
Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
Տարածքային այս հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։
Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։
Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։
Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։
Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսը եթե հերթական հարվածը հասցրեց Հայկական հարցին, ապա Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսները վերջնականապես տապալեցին այն։