ԽՍՀՄ փլուզման և շրջափակման հետևանքով խզվեցին միջհանրապետական տնտեսական ավանդական կապերը, դադարեց հումքի մատակարարումը։ Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում։
Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն էր, որ 1991թ., կարճ ժամանակամիջոցում, սեփականաշնորհեց հողը։ Դա պայմանավորված էր հանրապետության սոցիալական ծանր վիճակով, երբ առաջնահերթ նշանակություն էր ստանում բնակչությանը պարենով ապահովելը։
1992թ. օգոստոսին ընդունվեց օրենք արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին։ Այդ օրենքի հիման վրա 1993թ. հանրապետությունում սեփականաշնորհվեց 500 ձեռնարկություն, իսկ 1994–1995թթ.՝ մոտ 800-ը։