Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը: Հայաստանի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին:
Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Ք. ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը: Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով: Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»: Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան: Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Հույն պատմիչ Դիոն Կասիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները: Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց: