18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:
Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում:
Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիները ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը: