Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքըԳաղթականության վիճակը և ներգաղթի խնդիրը

Գաղթականության վիճակը և ներգաղթի խնդիրը

Հանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։ Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնությունների ու կոտորածների՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։

Կառավարությունը պետք է դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար։ Գաղթականությունը հանրապետության բնակչության սոցիալապես ամենաանապահով մասն էր։ Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր։ Նրանց խնդիրներով զբաղվում էին խնամատարության, պարենավորման և ներքին գործերի նախարարությունները։

Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվեցին մի բանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը գտնվում էր Ալեքսանդրապոլում։

Պետությունն իր սուղ միջոցներով ի վիճակի չէր հոգալ որբերի խնամքի ծախսերը։ Այդ պատճառով որբերին ու գաղթականությանը օգնության ձեռք էին մեկնում արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները։ Դրանցից առավել աչքի ընկավ Ամերիկյան օգնության կոմիտեն (ԱՕԿ)։ 1919թ. մայիսից Ամերկոմը հիմնականում իր վրա վերցրեց որբ երեխաների խնամակալության գործը։ Միջոցներ ձեռնարկվեցին որբերին արհեստներ սովորեցնելու, իսկ հասակավոր գաղթականներին՝ աշխատանքով ապահովելու։

Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։ Գաղթականության ստվար զանգվածներ կային Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Իրանում, Միջագետքում և այլուր։ Արևմտահայ տարագիրները սպասում էին Հայկական հարցի արդարացի լուծմանը, որպեսզի օր առաջ վերադառնան Երկիր (Արևմտյան Հայաստան) և շենացնեն իրենց օջախները։

Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց արևմտահայության ներգաղթը կազմակերպելու ուղղությամբ։ Ստեղծվեց ներգաղթի հանձնաժողով, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվեցին բարեգործական հանգանակություններ։ Սակայն 1920թ. աշնանից, երբ Հայկական հարցի հայանպաստ լուծումը փաստորեն ձախողվեց, փակվեց նաև ներգաղթի խնդիրը։ Հայրենիքից զրկված հարյուր հազարավոր տարագիր հայեր ստիպված էին համալրելու սփյուռքահայերի շարքերը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры