1919թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը բարեկարգելու ուղղությամբ։
Վերանորոգվեցին ու գործարկվեցին մի քանի տասնյակների հասնող ձեռնարկություններ՝ կաշվի, օճառի, կոնյակի, սպիրտի, ծխախոտի, հախճապակու, մանածագործական, կաթնամշակման և այլն։ Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը։ Սարիղամիշում և Դիլիջանում հիմնվեցին սղոցարաններ, վերսկսվեց Կողբի ու Կաղզվանի աղահանքերի և Ալավերդու ու Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։ Կարգի բերվեցին հաղորդակցության ուղիները, որոշ չափով կանոնավորվեց առևտուրը, ընդլայնվեց փոստ-հեռագրային ծառայությունը և այլն։
Կազմվեցին քաղաքաշինական հատակագծեր և էլեկտրակայանների կառուցման նախագծեր։ Փորձեր արվեցին հայ և օտարերկրացի կապիտալիստներ ներգրավելու Հայաստանի տնտեսության մեջ։ Թեև շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, սակայն տնտեսության թույլ զարգացած լինելու պատճառով այն արագ արժեզրկվեց։
Հանրապետությունում վերանորոգվեցին ու կառուցվեցին մի շարք ջրանցքներ։ Կատարվեցին ճահճուտների չորացման և աղուտների վերացման աշխատանքներ։ Հայթայթվեցին սերմացու ու գյուղգործիքներ և բաժանվեցին գյուղացիներին։
Քանի որ Հայաստանը ագրարային երկիր էր, ուստի երկրագործ գյուղացու համար շատ կարևոր էր հողային հարցի լուծումը։ Կառավարությունը և խորհրդարանը ընդունեցին մի շարք օրենքներ կալվածատիրական բոլոր հողերի բռնագրավման և դրանք անհատույց գյուղացիներին հատկացնելու վերաբերյալ։
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մեկ-երկու տարում տնտեսության բնագավառում նկատելի աշխատանք կատարվեց։ Սակայն դրանք միայն առաջին քայլերն էին։ Այն նախագծերը, որոնք չհասցրին կենսագործվել, կյանքի կոչվեցին արդեն Խորհրդային Հայաստանում։