Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտումՔեմալական շարժումը և խորհրդա-թուրքական մերձեցումը

Քեմալական շարժումը և խորհրդա-թուրքական մերձեցումը

Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական (միլլի) մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։

1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը (մեջլիսը) մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի շրջանները։ Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում։

1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։

Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։

Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել Հայաստանը, իսկ քեմալական Թուրքիան ձգտում էր չեղյալ համարել Սևրի դաշնագիրը, զավթել արևելահայ տարածքները ու կազմակերպել հայերի նոր ջարդեր։ Ռուս-թուրքական մերձեցման տեսակետից քարոզչական և գործնական մեծ դեր խաղաց 1920թ. սեպտեմբերի սկզբին Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալի կողմից կազմակերպած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Այն ուներ ընդգծված հակահայաստանյան ուղղվածություն։ Համագումարում Թուրքիան հայտարարվեց Արևելքում համաշխարհային հեղափոխության միջնաբերդ, իսկ Հայաստանը որակվեց «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։

Այսպիսով, 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры