Ավետարանոց գյուղում է եղել Վարանդայի մելիքության նստավայրը: Միջնադարում բնակավայրը շրջապատված է եղել հզոր պարիսպներով: Որոշ հատվածներում դեռ պահպանվել են կառույցների մնացորդներ: Ինչպես նաև, կիսավեր վիճակով կանգուն է Մելիք-Շախնազարյանների պալատը:
Կուսանոց անապատ
Գյուղի հուշարձանների մեջ առանձնանում է Կուսանոց անապատը: Այն գտնվում է գյուղի հարավ-արևմուտքում` բլրի վրա: Արևմուտքից այն պաշտպանված էր պարսպով, որից պահպանվել են կիսավեր աշտարակները:
Համաձայն եկեղեցու մուտքի վերևի արձանագրության` այն կառուցվել է 1616թ.-ին: Հնում այստեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ հին վանքի մնացորդներ (V-VIIդդ. բազիլիկ): Այդ ավերակների տեղում հիմնվել է անապատ՝ Գայանեի վանք անունով:
Եկեղեցին կառուցել են Գայանե և Հռիփսիմե քրերը: Այն 11մ երկարությամբ, 9մ լայնությամբ և 7մ բարձրությամբ կառույց է: Ներսում կա երկու գեղեցիկ սյուն, որոնք միացված են կամարներով:
Պատերի շարվածքում լայնորեն օգտագործված են հին շինությունների քարերը: Այդպիսով ճարտարապետները ուզում էին ընդգծել, որ եկեղեցին կառուցված է նախկինում հանրահայտ մշակութային օջախի տեղում:
Եկեղեցու գավիթը ներկայացնում է իրենից ուղղանկյուն հատակագծով թաղածածկ դահլիճ՝ 6մ երկարությամբ և 9մ լայնությամբ: Այստեղ է Մելիք-Շախնազարյանների դամբարանը:
Երկարատև պատերազմների ընթացքում, իրենց արիությամբ և հայրենասիրությամբ, հատկապես աչքի են ընկել մելիք Հուսեյնը և նրա դուստր Գայանեն:
Գայանեի և նրա մայր՝ Աննա Խաթունի հիշատակը պահվում է ժողովրդական ավանդություններում: Գայանեի քաջությունների մասին պատմում է Լեոն՝ իր «Մելիքի աղջիկը» վեպում:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս եկեղեցին գտնվում է Ավետարանոց գյուղի կենտրոնում: Բարձր, ընդարձակ բազիլիկ է՝ 27,4 x 15,3մ չափերով, չորս գեղեցիկ սյուներով: Կառուցվել է 1651թ.-ին:
Հնում եկեղեցում պահվել են ձեռագրեր, Ավետարան, խաչեր և այլ թանկարժեք սրբություններ: Հատկանշական է, որ որոշ ձեռագիր Ավետարաններ գրվել են Ավետարանոցում:
Ավետարանոց-Չանախչի գյուղի մասին
Համաձայն Սարգիս Ջալալյանցի՝ Vդ.-ում Վաչե II արքան, նվիրելով իրեն Քրիստոսի Ավետարանին, գալիս է Ավետարանոց և մեկուսանում է ճգնավորական կյանքով: Այստեղից և գյուղը կոչվեց Ավետարանոց: Հնարավոր է, որ հենց այստեղ է արքան ստացել օրհնանքի նամակը երանելի հայոց կաթողիկոս՝ Գյուտից:
Խոսքը գնում է հայտնի երկու նամակների մասին, որոնք ուղարկել է կաթողիկոս Գյուտը Վաչե II արքային: Այդ նամակները պահպանվել են Մովսես Կալանկատուացու պատմության և դրանից անկախ այլ հնագույն ձեռագրերի մեջ:
Ավետարանոցի հարևան՝ Մադաթաշեն գյուղում է ծնվել զորավար Վ. Մադաթովը:
Գյուղի արևմտյան մասում՝ հսկայական ժայռին կից, կանգուն է մելիք Հուսեյն I-ի ապարանքը: Նախանցած դարի վերջին համալիրը ամբողջությամբ ավիրվել է: Ժայռից հյուսիս՝ պարիսպների մոտ գտնվում է մելիք Շահնազար II-ի ապարանքը, որը, գլխավոր մուտքի վերևի արձանագրությունից ելնելով, թվագրվում է 1786թ.-ին:
Գյուղի հարավ-արևմտյան մասում, հսկայական տարածք է գրավում հին գերեզմանոցը՝ ուշագրավ տապանաքարերով:
XIXդ.-ի վերջում Ե.Լալայանը գրել է Ավետարանոցի մասին. “Այժմ Չանախչին նման է գյուղաքաղաքի: Բազմաթիվ գեղեցիկ և եվրոպական ճաշակով հարդարված տները, բավականի բարվոք տեսք ունեցող խանութները բոլորովին փոխել են գյուղի տեսքը: Գյուղում գործում է երեք մետաքսե գործարան, որոնք մեծ դեր ունեն տնտեսական ոլորտում”: