Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։
Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879–1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր։
Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։
Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Ընդ որում, կառավարության նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության թիվ մեկ պաշտոնատար անձը։ Սակայն նա ընտրվում էր խորհրդարանի կողմից և հաշվետու էր նրան։
Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով, պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։ Դատաիրավական համակարգումմտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։
Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության՝ գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ՝ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակչությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) հաստատությունների մասին օրենքը։ Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։