Այսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում, 1918թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դա օրինաչափ պատմական անհրաժեշտություն էր։
Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ։ Դրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը։
Անկախ պետականության վերականգնումը պայմաններ ստեղծեց ազգային վերածնության ու զարգացման համար։
Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետություն՝ իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով՝ իշխանության մարմիններով, տնտեսական-քաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պետականության խորհրդանիշերով և այլն։
Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրատական (ժողովրդավարական) հանրապետություն էր՝ խորհրդարանի գերակայությամբ։
Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոն։