Օգոստոս 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031



ՆորություններՄեր

Արշավ դեպի Աժդահակ լեռ

Արշավ դեպի Աժդահակ լեռ 14:18 - 30.08.2011

Ամեն մի բարձունք նվաճելուց առաջ ես ակամայից ինձ հարց եմ տալիս. «Արդյոք նա կնդունի ինձ, արդյոք ես արժանի եմ այն զգացումին, որն ունենալու եմ նրա գագաթին կանգնած»: Եվ այդ հարցերը ստիպում են քեզ հայացք գցել քո, մինչև այդ պահը ապրած կյանքի վրա ու հասկանում ես, որ ամենինչից զատ, դու եկել ես այստեղ մաքրվելու: Գեղամա լեռնաշխարհ ուղևորվելիս, ես նույն մտորումների մեջ էի:

Մինչև Աժդահակի ստորոտներին հասնելը մեզ երկար լեռնային ճանապարհ էր սպասվում, և մենք, ասես ուխտավորներ, անցանք այդ ուղին` մեր առջև ունենալով մի վեհ նպատակ` գրավել Աժդահակի վեհապանծ գագաթը: Գեղամա լեռների վրայով օրը օրվա վրա սահել-անցել են դարերն ու հազարամյակները` իրենց հետևից թողնելով հաղթական պատմություն:

Երբ ժայթքում էին հրաբուխները, նախամարդը վարում էր իր տառապալից կյանքը, ահով նայում երկնքին ու սպասում, թե նա ինչ կուղարկի` արև, կայծակ, թե երկրաշարժ: Այդ ժամանակ հույսի ապավեններն էին քարե վիշապները: Իսկ հողը սկսում էր կանաչել և կյանքը հիասքանչ էր դառնում, ծնվում էին նախամարդու արվեստի նմուշները` ժայռապատկերները:

1829թ.-ի հոկտմբերի 12-ին, Արարատի գագաթը բարձրանալուց ընդամենը 15 օր անց, Աբովյանը Դորպատի համալսարանի ուսանող Բեհագել Ֆոն Մաքսիմիլիանի հետ հայտնվեց Գեղամա լեռներում: Նրան հետապնդում էին «Կախարդական պատկերներ» և դրանց մեջ թերևս ամենաուժեղը Գեղամա լեռներն էին. ինչպիսին են նրանք Արարատի գագաթից մենք չենք կարող ասել, բայց նրանք հմայել էին Աբովյանին:
Արարատից հետո շատ ճանապարհորդների համար Գեղամա լեռները դառնում են ձգողական: Այստեղ են եկել գիտնականներ` Հերման Աբիխը, Ֆրանց Լեսինգը, Ն. Յա. Մառը և ուրիշներ, բանաստեղծներ` Նիկոլայ Տիխոնովը և Վոլֆ Էռլիխը: Լեռը լիաբուռն բացում էր գաղտնիքները: Գեղամա լեռները ունեցան նաև իրենց հանճարեղ նկարչին` Մարտիրոս Սարյանին:

Աժդահակի գագաթը մեր արշավախումբը բարձրացավ առաջին օրը: Դա իրոք երկնային հաճույք ու խաղաղություն էր: Աժդահակի ծոցում թաքնվում է խառնարանային լիճը, կոչված իր իսկ անունով` «Աժդահակի լիճ»: Հենց նրա ափին էլ մենք գտանք մեր հանգրվանը: Վաղ առավոտյան մենք արդեն զմայլվում էինք բարձունքից բացվող տեսարանով, որից սրտիդ բաբախյունը ասես կանգ է առնում: Լեռների ընդմիջվող գագաթները լողում էին ամպերի ձյունաճերմակ քուլաների մեջ: Լեռների այս վսեմության առջև պապանձվում է ամեն բան, մարդկային արատներն ու կեղտերն անզոր են այդ հսկայական մաքրության առջև, և ասես մարդու միջից դուրս են լողում մարդկային բոլոր առաքինությունները: Այստեղ դու զգում ես, թե ինչպես անհետացան չիրականացած երազները, ինչպես ես դու ձգտում անվերջության ու չես հասնում ու ասես լսում ես հեռավոր նախնիների կանչերը, որոնք մեզանից առաջ են դիմավորել «այս աշխարհի արշալույսներ»:

Մետաքսե Քոլոզյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ