Հայաստանը զարգացած միջնադարումՀայ-վրացական զինակցությունը և հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանությունըՀայ-վրացական զինակցության սկզբնավորումը: Պայքար Անիի համար

Հայ-վրացական զինակցության սկզբնավորումը: Պայքար Անիի համար

Սելջուկ-թուրքերի արշավանքները ծանր դրություն էին ստեղծել նաև Վրաստանում: Երկիրն ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել: Բայց երբ Վրաստանում գահ բարձրացավ Դավիթ Շինարարը (1089-1125), և շուտով սկսվեց Սելջուկյան տերության տրոհումը, երկիրը բռնեց հզորացման ու միավորման ուղին: Վրացական թագավորությունը XII դ. հզորացավ և գլխավորեց սելջուկ-թուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը:

Վրացական թագավորության հզորացումը ոգևորում էր հայերին և մոտալուտ ազատագրության հույսեր ներշնչում: Հայոց այրուձիի այն մասը, որը Անիի թագավորության անկումից հետո ապաստան էր գտել հարևան երկրում, վրացական բանակի կազմում մասնակցում էր մահմեդական ամիրայությունների դեմ կռիվներին: Այդ զորաջոկատները գլխավորում էին հայ իշխանները, որոնցից ոմանք բարձր դիրք ունեին վրաց արքունիքում: Հայ զորավարներից ամենանշանավորը Սարգիս Զաքարյանն էր, որն իր կյանքի վերջին տարիներին նշանակվեց վրացական բանակի և նրա կազմում կռվող հայկական զորաջոկատների գլխավոր զորահրամանատար՝ ամիրսպասալար:

Հայ-վրացական զինակցությունն արդյունավետ էր երկու հինավուրց հարևանների համար: Հայաստանից արտաքսելով թշնամուն՝ Վրաստանն ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանը, ի դեմս Վրաց թագավորության, հզոր դաշնակից էր ձեռք բերում: Հաշվի առնելով անցյալի դասերը՝ երկու ժողովուրդները համերաշխ ու միաբան էին գործում ընդհանուր թշնամու դեմ:

Հայկական երկրամասերի ազատագրման նախաձեռնությունը պատկանում էր տեղական բնակչությանը, որն անտանելի վիճակի մեջ էր գտնվում: Ամիրայությունները հաճախակի պատերազմներ էին վարում միմյանց դեմ, որից առաջին հերթին տուժում էր հայ բնակչությունը: Ամայանում էին գյուղերն ու քաղաքները, լքվում էին բարեբեր արտերն ու այգիները: Այդ պայմաններում հայերը ստեպ-ստեպ ապստամբում էին և օգնության խնդրանքով դիմում վրաց թագավորներին:

1124թ. անեցիները հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դավիթ Շինարարի մոտ և հայտնեցին քաղաքը նրան հանձնելու իրենց որոշման մասին: Անեցիների օգնությամբ վրացական բանակն արագորեն գրավեց Անին և ձերբակալեց քաղաքի Շադդադյան կառավարչին: Անեցիները լիակատար ինքնավարություն ձեռք բերեցին քաղաքի ներքին կյանքի հարցերում: Սակայն հաղթանակը երկար չտևեց: Անիի կառավարչի որդին զինական օժանդակություն ստացավ հարևան ամիրայություններից և պաշարեց քաղաքը:

Պաշտպանական մարտերին մասնակցում էին վրացական զորքը և անեցի աշխարհազորայինները, որոնց կազմում կային նույնիսկ կանայք: Նրանցից Այծեմնիկն անհավատալի սխրանք գործեց: Նա, արհամարհելով նետերից ստացած վերքերը, պարսպի վրայից քարեր էր նետում թշնամու զինվորների վրա: Միայն երկու տարի անց, երբ քաղաքում սով սկսվեց, անեցիները համաձայնեցհն վերստին ենթարկվել Շադդադյաններին: Հաջորդ տասնամյակների ընթացքում Շադդադյանները ևս երկու անգամ արտաքսվեցին Անիից: Սակայն հարևան ամիրայություններն անմիջապես օգնության էին հասնում և վերականգնում նրանց իշխանությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры