Հայաստանը զարգացած միջնադարումՀայ-վրացական զինակցությունը և հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանությունըՀյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք

Հյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք

Ազատագրված տարածքներում իրենց իշխանությունը հաստատեցին Զաքարյանները և նրանց հետ կապված հայկական իշխանական տները: Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով: Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր: Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին: Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը: Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր: Նրա ժառանգները՝ Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում: Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր:

Սելջուկ-թուրքերի օրոք հալածված հայկական իշխանական տները վայելում էին Զաքարյանների հովանավորությունը և նրանց օգնությամբ իրենց իշխանությունը վերականգնեցին: Ծնունդ առան մի շարք նոր իշխանական տներ, որոնց հիմնադիրները Զաքարյանների հայ զորապետերն էին: Արագածոտնում ազդեցիկ դիրք էին ձեռք բերել Վաչուտյանների, Վայոց ձորում՝ Պռոշյանների, Սյունիքում՝ Օրբելյանների, Արցախում՝ Հասան-Ջալալյանների իշխանական տները:

Հայաստանի ազատագրված տարածքներում Զաքարյանները և նրանց ենթակա իշխանները լիակատար ինքնուրույնություն էին վայելում: Նրանց տիրույթները կառավարվում էին հատուկ նշանակված պաշտոնյաների միջոցով: Իշխանություններն ունեին իրենց դրոշը, զինանշանը և զորքը:

Օտարների լուծը թոթափելուց հետո բարենպաստ պայմաններ առաջացան երկրի տնտեսական զարգացման համար: Վերելք ապրեցին երկրագործությունը և անասնապահությունը: Ընդարձակվեցին այգիները և ցանքատարածությունները: Բարելավվեց ոռոգման գործը, շարք մտան նոր ջրամբարներ ու ջրանցքներ, վերականգնվեցին հները:

Անկման վիճակում գտնվող հայկական քաղաքներն ապաքինվեցին և կրկին բռնեցին վերելքի ուղին: Գեղեցկացավ, նոր շուք ստացավ քաղաքամայր Անին: Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցում էին Արևելքի երկրների և Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին: Աճեցին ու ընդարձակվեցին Դվինը և Կարսը: Որպես քաղաք ձևավորվեց Երևանը:

Քաղաքներում արհեստավորները համախմբված էին հատուկ կազմակերպությունների՝ եղբայրությունների կամ համքարությունների մեջ: Այդ կազմակերպությունները միավորում էին միևնույն արհեստով զբաղվող վարպետներին: Համքարությունները պաշտպանում էին իրենց անդամների շահերը, օգնում էին նրանց դժվարությունների պահին: Եղբայրություններն ունեին իրենց կանոնադրությունները, որոնք կարգավորում էին դրանց գործունեության բոլոր կողմերը:

Ցավոք, Հայաստանի ազատագրված տարածքների քաղաքական, տնտեսական ու մշակութային վերածնունդը երկարատև չեղավ: Շուտով Արևելքից հեղեղի նման ներխուժեցին քոչվորների նոր հորդաներ, և երկրի բնականոն զարգացումը դարձյալ ընդհատվեց:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры