Հայաստանը XIX դարի առաջին կեսինՌուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմըՀայերի գաղթը

Հայերի գաղթը

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մահմեդականների թիվը մեծացել էր: Կայսրության սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը: Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը: Արևմտյան Հայաստանից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան Ներսես Աշտարակեցին, գնդապետ Լազարյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ:

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունը ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը: Տեղական իշխանությունները աշխատում էին արգելակել նախատեսվող գաղթը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից: Չնայած դրան՝ գաղթել ցանկացողների թիվը մեծ էր, և գաղթը լայն ծավալ ստացավ:

Պարսկահայերի գաղթը տեղի ունեցավ 1828թ. գարնանը: Մի քանի ամսվա ընթացքում Թավրիզի, Մակուի, Սալմաստի, Խոյի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն հաստատեցին Երևանի, Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:

Արևմտահայերի գաղթը կազմակերպվեց 1829-1830 թվերին: Հիմնականում Էրզրումի, Կարսի և Բայազետի փաշայություններից գաղթեցին ավելի քան 80 հազար հայ բնակիչներ: Էրզրումից գաղթողները հաստատվեցին գերազանցապես Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, իսկ բայազետցիք՝ Սևանա լճի ավազանում՝ հիմնելով Նոր Բայազետ անունով բնակավայրը:

Գաղթը իրականացավ ծանր պայմաններում, անբավարար էին տեղափոխության միջոցները, սնունդը, հագուստը: Այդուհանդերձ պետությունը որոշ չափով դյուրացրեց նոր բնակավայրերում հաստատվելու նրանց պայմանները: Ներգաղթողները 6 տարով ազատվում էին հարկերից, կարիքավոր ընտանիքներին դրամական նպաստ էր տրվում, նրանք օժանդակություն էին ստանում նաև տներ կառուցելու համար: Երկրագործներին բնակեցնում էին գյուղերում, իսկ արհեստավորներին ու առևտրականներին՝ քաղաքներում: Նրանք, հաղթահարելով դժվարությունները, սկսեցին մշակել ամայի հողերը, այգիներ գցեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն տվեցին հին ու նոր բնակավայրերին:

Արևմտահայերի և արևելահայերի ներգաղթը խոշոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսության, արհեստների զարգացման համար: Փոխվեց Արևելյան Հայաստանի ու Անդրկովկասի բնակչության ազգային կազմը հօգուտ հայության:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours