Ինչպես գիտենք, խորհրդային իշխանութան ընդունած հաշտության մասին դեկրետով կոչ էր արվում պատերազմող երկրներին վերջ տալ իմպերիալիստական պատերազմին և կնքել արդարացի հաշտություն։ Սակայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության կոչը արձագանք չգտավ Անտանտի տերությունների կողմից։ Ուստի Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։
Խորհրդային Ռուսաստանի օրինակով Անդրկովկասյան կոմիսարիատը ևս, արձագանքելով հաշտության գաղափարին, որոշեց զինադադար կայացնել թուրքերի հետ։ Կողմերը ընդառաջ գնացին իրար, և 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադար։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։
Հարկ է նշել, որ 1917թ. ռուսական երկու հեղափոխությունները բացասաբար անդրադարձան ռուսական բանակի մարտունակության վրա։ Սկսվեց նրա քայքայումն ու կազմալուծումը։ Դրան հատկապես նպաստեց այն հանգամանքը, որ խորհրդային կառավարությունը Հաշտության մասին դեկրետով հայտարարել էր, որ վերջ է տրվելու պատերազմին և կնքվելու է արդարացի հաշտության պայմանագիր։ 1917թ. վերջին հրահանգ էր իջեցվել՝ ռուսական զորքերը դուրս բերել Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Պարսկաստանի գրավյալ տարածքներից։ Դրա հետևանքով Կովկասյան ռազմաճակատի զորքերը սկսեցին զանգվածաբար լքել իրենց դիրքերը և վերադառնալ տուն։ Այդպիսով՝ գործնականում քայքայվեց ու մերկացավ շուրջ 750 կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատը։ Իսկ դա նշանակում էր, որ հայ ժողովուրդը կրկին կանգնում էր թուրքական ներխուժման սպառնալիքի առաջ։ Եվ թուրքական զորքերի հարձակումը չուշացավ։