Կովկասյան ռազմաճակատի քայքայման պայմաններում անհրաժեշտ դարձավ ինքնապաշտպանության նպատակով ազգային զորամիավորումների ստեղծումը։ Ռուսական բանակում ծառայող հայ զինվորներից ու կամավորական խմբերից պետք էր ստեղծել զորամիավորումներ՝ դիմակայելու թուրքական հարձակման վտանգին։ Այս գործընթացը շարունակվեց նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Հայկական զորամիավորումների ստեղծման գործում մեծ դեր կատարեցին Հայոց ազգային խորհուրդը, Արևմտահայ ապահովության մարմինը, Բաքվի և Երևանի Հայ ազգային խորհուրդները։ Վերջինս գլխավորում էր Արամ Մանուկյանը։ Ավելի ուշ նա ստանձնեց Երևանի նահանգի դիկտատորի պարտականություններ։
Հայկական զորամասեր կազմակերպելու համար ներգրավվեցին ցարական բանակի հայազգի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը, Դ. Բեկ-Փիրումյանը և ուրիշներ։ 1918թ. մարտին հայկական զորամիավորումներից կազմավորվեց Հայկական առանձին բանակային կորպուսը, որի հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։ Հայկական կորպուսի մեջ էր մտնում նաև երկրապահ կամավորական զորաբաժինը (դիվիզիան), որի հրամանատար նշանակվեց գեներալի կոչում ստացած Անդրանիկը։ Անդրանիկի կողքին խիզախաբար կռվում էին Սեբաստացի Մուրադը, Սեպուհը, Գ. Նժդեհը, Պանդուխտը և ուրիշներ։
Հայկական զորամիավորումները փաստորեն ստեղծվում էին թուրքական զորքերի հարձակման պայմաններում և կոչված էին պաշտպանել ռազմաճակատի գիծը Տրապիզոնից մինչև Վանա լիճ։ Այդ զորամիավորումները հետագայում դարձան հայկական ազգային բանակի հիմքը։
1918թ. հունվարի վերջին թուրք նվաճողները, խախտելով Երզնկայի զինադադարը, անցան հարձակման։ Նրանք կարճ ժամանակամիջոցում գրավեցին, փաստորեն, ամբողջ Արևմտյան Հայաստանը և գարնանը սկսեցին «բախել» Անդրկովկասի դռները։ Մինչև ատամները զինված թուրքական դիվիզիաներին դիմակայող միակ ուժը նոր ձևավորվող հայկական զորամիավորումներն էին։ Սակայն փորձի պակասի, Անդրկովկասի կառավարության ներսում առկա հակասությունների հետևանքով հայկական նորաստեղծ զինուժին չհաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Թուրքական հարձակման և ձմեռվա դաժան ցրտերի պայմաններում տեղի ունեցան արևմտահայության նոր կոտորածներ ու գաղթ։ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց։