Պարսկաստանը չէր հաշտվում Անդրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու իրողության հետ: Անգլիայի դրդումով նա ձգտում էր վերադարձնել կորցրած տարածքները: Մյուս կողմից՝ Ռուսաստանը ջանում էր գրավել նաև Հայաստանը և ավելի ամրապնդել դիրքերը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում:
Դեկաբրիստների ապստամբությունից հետո անգլիական գործակալները լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում գահակալական կռիվներ ու խառնակություն է սկսվել: Նրանք շահին համոզում էին, որ զորքը ապստամբել է, չի ենթարկվում թագավորին, ուստի ամենահարմար ժամանակն է ռուսներին Անդրկովկասից վտարելու, կորցրած տարածքները հետ վերադարձնելու համար:
Պարսկական 60 հազարանոց բանակը թագաժառանգ Աբբաս-Միրզայի գլխավորությամբ 1826թ. հուլիսին, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի սահմանները: Երևանի Հուսեյն խանի զորքերը հանկարծակի հարձակումով ներխուժեցին Շիրակի և Փամբակի սահմանները: Սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը: Պարսկական բանակի անսպասելի հարձակումը ծանր դրություն է ստեղծում ռուսական փոքրաքանակ զորամասերի և սահմանամերձ բնակչության համար:
Պարսկական զորքերը հուլիսի վերջին պաշարում են Ղարաբաղի Շուշիի բերդը: Բերդի 1700-հոգանոց կայազորը և այնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության: Պարսիկները անգլիական մասնագետների գլխավորությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում, բայց հաջողության չեն հասնում:
Բերդի կայազորի պետ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ ռուս զինվորները և հայերը տոկունությամբ դիմադրում էին: Պաշտպանական մարտերի մասնակից Լազարյանը, նշելով, որ հայերը հացահատիկի իրենց ամբողջ պաշարը նվիրաբերեցին պաշտպաններին, ավելացնում է. «Հիշում եմ նույնպես, թե ինչպես մեր հայերը գիշերներն իրենց ուսերի վրա տանում էին հացահատիկի ծանր պարկերը Շուշի գյուղի ջրաղացները, ուր յուզբաշի եղբայրներ Սաֆար և Ռոստոմ Թարխանյանները արագ աղում էին հացահատիկը և էլի հետ էին ուղարկում բերդ: Առանց այդ օգնության կայազորը երբեք չէր կարող տանել վեցշաբաթյա պաշարումը: Աբբաս-Միրզան մի քանի անգամ փորձեց վերցնել իր համար ատելի այդ ջրաղացները, բայց նրա բոլոր փորձերը փշրվեցին՝ զարկվելով հայերի հերոսական դիմադրությանը, որոնց առաջնորդում էին Թարխանյան եղբայրները»: Ղարաբաղի հայերը, իրենց նախնիների ավանդներին հավատարիմ, հերոսաբար պաշտպանում էին հայրենի հողը:
Շուշիի 47 օր տևած պաշտպանությունը նկատելիորեն ձախողեց թշնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը:
Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ, որոնք խիզախորեն մարտնչում էին թշնամու դեմ: Լոռի-Փամբակում քաջաբար կռվում էր Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը, իսկ Ղազախ-Շամշադինում, Դիլիջանում հակառակորդի դեմ սրընթաց գրոհներ էր կատարում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի հեծյալ ջոկատը: Նա պարտիզանական համարձակ հարձակումներով գերությունից ազատեց հարյուրավոր ընտանիքներ:
Հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը 1828թ. սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին: Նույն ամսին Գանձակի ճակատամարտում ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան: Հետապնդելով թշնամուն՝ նրանք հոկտեմբերին ազատագրեցին ամբողջ Ղարաբաղը:
Այսպիսով, 1826թ. ամռանը պարսիկների ունեցած հաջողությունները կարճատև եղան: Նույն տարվա աշնանը ռուսական զորքերը տեղի բնակչության աջակցությամբ պաշտպանությունից անցան հարձակման և թշնամուն դուրս քշեցին ռուսական սահմաններից: Դրանով ավարտվեց պատերազմի առաջին փուլը: