Հայաստանը XIX դարի առաջին կեսինՌուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը և Արևելյան Հայաստանի միացումը ՌուսաստանինԹուրքմենչայի պայմանագիրը

Թուրքմենչայի պայմանագիրը

Երևանը գրավելուց հետո սպասվում էր, որ պարսիկները հաշտություն կխնդրեն, բայց դա տեղի չունեցավ: Ռուսական զորքերը շարունակեցին հարձակումը և, հետապնդելով բարոյալքված թշնամուն, գրավեցին Թավրիզը, ապա՝ Խոյի, Սալմաստի գավառները, մի շարք քաղաքներ: Պարսիկները հաշտություն խնդրեցին, որն ընդունվեց ռուսական կառավարության կողմից: Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև:

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ազատ առևտրի իրավունք տրվեց երկու երկրների հպատակներին և այլն:

Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:

Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն:

Ռուսաստանը ևս հետամնաց երկիր էր, սակայն Պարսկաստանի համեմատությամբ ավելի առաջադեմ էր: Ռուսական պետության կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը տնտեսական և մշակութային զարգացման ավելի տանելի պայմաններ ստացավ: Ռուսական մշակույթը նպաստեց հայ արվեստի ու գիտության զարգացմանը:

Նման դրական տեղաշարժերի հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա ենթարկվում էր ազգային-գաղութային ճնշումների: Այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Նա պայքարում էր ազգային անկախության կամ Ռուսաստանի հովանու տակ իր պետականության վերականգնման համար: Այս ամենով հանդերձ, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար ուներ որոշակի առաջադիմական նշանակություն:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours