1827թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:
Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը: Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով:
Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:
Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»:
Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու:
Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում: