Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըՀայ հասարակական միտքըԱզատամտական հոսանք

Ազատամտական հոսանք

Պահպանողականներին հակադրվում էին ազատամիտ հայացքներ ունեցող գործիչները:

Ազատամիտ ուղղության հետևորդ էր Ստեփանոս Նազարյանցը (1821-1879): Հայ հանրության զարգացման կարևոր միջոցը նա համարում էր բարենորոգումները: Իր խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրով Նազարյանցը հակադրվում էր հետամնացությանն ու խավարամտությանը, պաշտպանում ազգային լուսավորության ու կրթության տարածման եվրոպական ուղին: Հայկական կյանքում նա կողմնակից էր եկեղեցու և հոգևորականության ազդեցության սահմանափակմանը:

«Հյուսիսափայլում» Ստ. Նազարյանցի հետ համագործակցում էր Միքայել Նալբանդյանը (1829-1866), որը քարոզում էր շատ ավելի արմատական հեղափոխական գաղափարներ: Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ազատագրությունը կապում էր ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժումների հետ: Մ. Նալբանդյանը մասնակցում էր արևմտահայերի հասարակական պայքարին, սատարում սահմանադրական գործիչներին, հատկապես Հ. Սվաճյանին ու նրա համախոհներին: Նրա առաջադիմական հրապարակախոսությունն ու գրական ստեղծագործությունները խոր հետք թողեցին հայ հասարակական մտքի և գրականության զարգացման հետագա ընթացքի վրա:

Արևմտահայ իրականության մեջ առաջադիմական գաղափարներ էին քարոզում Մկրտիչ Խրիմյանը (1820-1907), «Մեղու» պարբերականի խմբագիր Հարություն Սվաճյանը (1831-1874): Հ. Սվաճյանը համազգային միասնության ջերմ պաշտպանն էր և Մ. Նալբանդյանի հետ ունեցած իր կապերով նպաստում էր արևմտահայ և արևելահայ հատվածների հոգևոր-մշակութային մերձեցմանը:

Հ. Սվաճյանի գաղափարակիցն էր Զմյուռնիայի հայ գաղթավայրում գործող Գրիգոր Չիլինկիրյանը (1839-1923): Նա իր խմբագրած «Ծաղիկ» հանդեսում ընդդիմացել է աշխարհիկ ու հոգևորական վերնախավի կամայականություններին: Պաշտպանել է սահմանադրությունը՝ վկայակոչելով եվրոպական մտածողներին:

Առաջադիմական գործիչների շարքն արևմտահայ կյանքում լրացնում է Մատթեոս Մամուրյանը (1830-1901)՝ «Արևելյան մամուլ» հանդեսի խմբագիրը:

Արևելահայ հատվածում ազատամտության ներկայացուցիչ էր նաև Գրիգոր Արծրունին (1845-1892): Նա ազգային ազատագրական պայքարի համոզված կողմնակից էր: Հասարակության առաջընթացը նա կապում էր խաղաղ ընթացքի, բարենորոգումների հետ՝ մերժելով հեղափոխություններն ու սոցիալական ցնցումները: Նրա խմբագրած «Մշակ» նշանավոր թերթը պատկառելի ներդրում ունի արևելահայերի և արևմտահայերի մտավոր-մշակութայիև շփումների ու գործնական հարաբերությունների ասպարեզում: Առավել արմատական կողմնորոշում ուներ խոշորագույն գրող, հրապարակախոս Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): Օսմանյան լծից արևմտահայության ազատագրության հնարավորությունը Րաֆֆին ակնկալում էր զինված համաժողովրդական պայքարից: Այս գաղափարի հիմնավորմանն են նվիրված նրա վեպերը: Ինչպես Գր. Արծրունին, Րաֆֆին ևս հույսեր չի կապել արևմտահայության սահմանադրության և Օսմանյան Թուրքիայի բարենորոգչական ընթացքի հետ:

Այսպիսով, հայ հասարակական մտքի ներկայացուցիչները 19-րդ դ. 60-70-ական թթ. հատուկ ուշադրություն են դարձրել հայության քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման խնդիրներին: Ազգի գոյատևման ու զարգացման ուղիները նրանք պատկերացնում էին կամ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների, կամ էլ ազատագրական զինված պայքարի միջոցով:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours