Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըԶեյթունի 1862թ. ապստամբությունըԶեյթունի ինքնապաշտպանությունը

Զեյթունի ինքնապաշտպանությունը

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:

Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours