Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըՀայ ազգային կուսակցություններըՀնչակյան կուսակցություն

Հնչակյան կուսակցություն

1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն: Փորթուգալյանը տպագրում է այդ հայտարարությունը, սակայն մերժում առաջարկը: Դրանից հետո Ժնևի խումբը հեռանում է «Արմենիայից» և հենց 1887թ. հրատարակում «Հնչակ» թերթը, որն այդպես էր կոչվում Գերցենի և Օգարյովի «КОЛОКОЛ» թերթի նմանությամբ: Նրա ղեկավար անդամներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ:

Նրանք գտնվում էին ռուս նարոդնիկների ազդեցության տակ, որոնց պայքարի եղանակները, հատկապես ահաբեկչությունը, գրավում էին հնչակյաններին: Նրանք կապված էին նաև Ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» մարքսիստական խմբի հետ: 1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը, որի մեջ նախատեսվում էին գործունեության հեռավոր և մոտակա նպատակները: Մոտակա նպատակը թուրքական բռնապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, իսկ նրա իրագործման միջոցներն էին ագիտացիան, պրոպագանդան և տեռորը: Արևմտյան Հայաստանն ազատագրելուց հետո նախատեսվում էր պարսկահայերի, ռուսահայերի ազատագրումը: Հայության հատվածների միավորումից պետք է ստեղծվեր դեմոկրատական հանրապետություն: Հեռավոր նպատակը սոցիալիզմի կառուցումն էր ողջ մարդկության համար, որը վերջ կդներ մարդու շահագործմանը մարդու կողմից: «Հնչակում» հրատարակված այդ ծրագիրը հայտարարեց կուսակցության ստեղծման մասին: 1889թ. նրանց ներկայացուցիչը մասնակցեց II ինտերնացիոնալի հիմնադիր ժողովին: Նույն թվին էլ Խանազատն ու Կաֆյանը մեկնեցին Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցան նշանավոր հասարակական-քաղաքական գործիչների հետ: Նրանցից Արփիար Արփիարյանին ոգևորեց ծրագրի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը, և նա իր ողջ խմբով մտավ հնչակյան կուսակցության մեջ:

1890թ. Տրապիզոնում ստեղծվեց հնչակյան առաջին մասնաճյուղը, որը կապեր հաստատեց Կ.Պոլսի հնչակյանների հետ: Միացյալ ջանքերով 1890թ. հուլիսի 15-ին կազմակերպվեց Գում-Գափուի ցույցը, որը գնդակոծվեց կառավարության կողմից: Կուսակցության ուժեղ մասնաճյուղեր ստեղծվեցին մի շարք հայաշատ վայրերում: Կուսակցության ներսում եղած սոցիալիզմի վերաբերյալ տարաձայնությունները հարթելու համար 1896թ. հունվարին Լոնդոնում հրավիրվեց պատգամավորական ժողով: Այնտեղ արևմտահայ հնչակյանները Ա. Արփիարյանի և Մ. Տամատյանի ղեկավարությամբ պահանջում էին, որ կուսակցությունը հրաժարվի սոցիալիզմի քարոզչությունից և ղեկավարման կենտրոնացված սկզբունքից: Այդ ժամանակ կուսակցությունը բաժանվեց 2 թևի: 1896թ. Լոնդոնի պատգամավորական ժողովում արևմտահայ թևը ստացավ «վերակազմյալ հնչակյաններ» անունը: Նրանք հետագայում կատաղի պայքար սկսեցին իրար դեմ, որը հաճախ ավարտվում էր երկու թևի գործիչների սպանություններով:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours