Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըՏեղաշարժերը գյուղատնտեսության մեջԳյուղատնտեսության առաջընթացը

Գյուղատնտեսության առաջընթացը

Կատարված բարեփոխումները որքան էլ լիարժեք չէին, այնուամենայնիվ նպաստեցին շուկայական պահանջներին համապատասխան գյուղատնտեսության վերակառուցմանը: Բնականաբար, կյանք մտնող բուրժուական արտադրահարաբերություններն իրենց կնիքն էին դնում նաև գյուղատնտեսության վրա: Ցարական կառավարությունը, ձգտելով Հայաստանի գյուղատնտեսությունը ծառայեցնել ռուսական կապիտալիզմի շահերին, նպաստեց դրա մի շարք ճյուղերի առաջընթացին: Ռուսական մանուֆակտուրային ընկերությունները նպաստում էին բամբակագործության զարգացմանը: Ընդարձակվում էին բամբակի ցանքատարածությունները, մեծանում էր արտադրությունը: Երևանի նահանգում 10 տարում՝ 1880-1890 թթ., բամբակի արտադրությունը աճեց 5 անգամ: Արևելյան Հայաստանը դարձավ Անդրկովկասում բամբակի արտադրության գլխավոր կենտրոնը:

Հետռեֆորմյան տարիներին առաջընթաց ապրեց նաև խաղողագործությունը, ինչը պայմանավորված էր սպիրտային խմիչքների արտադրության աճով: Աստիճանաբար ավելի ու ավելի ապրանքային նշանակություն էր ձեռք բերում և ավելի մեծ ծավալներ ստանում այգեգործությունը: Թարմ ու չորացրած մրգերը վաճառքի էին հանվում և որոշ գավառներում հանդիսանում էին բնակչության ապրուստի հիմնական միջոցը: Այգեգործությամբ զբաղվում էին Երևանի, Էջմիածնի, Նախիջևանի գավառներում, Կարսի մարզում և այլ տեղերում: Անգամ բանջարաբուծությունը սկսեց կապվել շուկայի հետ: Արարատյան դաշտում մշակվող բանջարեղենը վաճառքի էր հանվում լեռնային և նախալեռնային շրջաններում:

Տեղաշարժեր կատարվեցին նաև հացահատիկի արտադրության ոլորտում: Եթե ցորենն ու գարին և մյուս հացահատիկային կուլտուրաները սպառվում էին տեղում, ապա դարի վերջին դրությունը փոխվեց: Երբ շարք մտավ Թիֆլիս - Բաքու երկաթուղին, հացահատիկի զգալի մասը սկսեցին արտահանել նաև արտասահման: Բրնձի մշակման հիմնական շրջանները Երևանի և Դարալագյազի գավառներն էին: Մետաքսագործության զարգացման պահանջարկը խթանեց նաև շերամապահության ծավալումը:

Փոփոխություններ տեղի ունեցան նաև անասնապահության ոլորտում: Հատկապես խոշոր եղջերավոր անասունները գիրացվում էին և վաճառքի հանվում: Անասնապահությունը ևս վերակառուցվում, հարմարվում էր շուկայի պահանջներին:

Այսպիսով, 19-րդ դարի վերջին արդեն բնատնտեսությունը քայքայվում էր, և գյուղատնտեսության բոլոր ճյուղերը ներգրավվում էին շուկայական հարաբերությունների մեջ: Դրա հետևանքով խորանում էր գյուղացիության շերտավորումը, ուժեղանում պանդխտությունը:

Առաջադիմեց այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը:

Տեղաշարժերը առավել նկատելի էին տնտեսության մյուս ճյուղերում՝ արդյունաբերության և առևտրի բնագավառներում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours