Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլըԱրդյունաբերություն: Ցարիզմի գաղութային քաղաքականությունըԱրդյունաբերություն և առևտուր

Արդյունաբերություն և առևտուր

Հետռեֆորմյան շրջանում Ռուսաստանում սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները: Կապիտալիզմը զարգանում էր և' խորությամբ, և' լայնությամբ՝ իր ոլորտի մեջ առնելով ծայրամասերը, այդ թվում և Անդրկովկասը: Աստիճանաբար ավելի ու ավելի էին ընդլայնվում Ռուսաստանի և Անդրկովկասի տնտեսական կապերը: Դա արտահայտվեց հատկապես դարի վերջին տասնամյակներին ձեռքի աշխատանքի մեքենայացմամբ, խճուղային ճանապարհների կարգավորմամբ, մասնավորապես երկաթուղիների կառուցմամբ: Երկաթուղիները ամենուրեք հեղաշրջում էին առաջացնում երկրի տնտեսության մեջ: 1883թ. սկսեց գործել Բաքու - Թիֆլիս - Բաթում, իսկ 1899 թթ.՝ Թիֆլիս - Ալեքսանդրապոլ - Կարս երկաթուղին:

Երկաթուղիները խթանեցին ապրանքափոխանակության, առևտրի զարգացումը Ռուսաստանի և Անդրկովկասի, այդ թվում և Հայաստանի միջև: Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք: Երևանի և Ալեքսանդրապոլի առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թթ. համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ: Աճեց նաև հացահատիկի առևտուրը: Երևանի նահանգից տարեկան շուրջ 2 միլիոն փութ հացահատիկ էր արտահանվում Եվրոպա: Արագորեն աճում էին հատկապես բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը:

Հայաստանի արդյունաբերության գլխավոր ճյուղը լեռնարդյունաբերությունն էր՝ պղնձի և աղի արտադրությունը: Պղնձարդյունաբերության կենտրոններն էին Ալավերդին և Զանգեզուրը: Արդյունաբերության այս ճյուղը զգալի աճ ունեցավ: Զանգեզուրում եթե 1870թ. արտադրվում էր 13 հազար փութ պղինձ, ապա 1900թ. այն հասավ 71 հազարի: Այսինքն՝ երեսուն տարվա ընթացքում պղնձի արտադրությունը աճեց ավելի քան հինգ անգամ: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանը տալիս էր ամբողջ Ռուսաստանում արտադրվող պղնձի 17 տոկոսը: Աճեց նաև աղի արտադրությունը:

Հայաստանում, առաջին հերթին Արարատյան դաշտում, գերազանցապես օտար կապիտալիստները բացեցին բամբակի մշակման ձեռնարկություններ: Նրանք Շուշիում և Նախիջևանում զարկ տվեցին մետաքսի արտադրությանը: Բամբակի և մետաքսի հումքը գրեթե ամբողջությամբ արտահանվում էր Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններ: Հիմնվեցին գինու, կոնյակի, կաշվի մշակման և ուրիշ արդյունաբերական ձեռնարկություններ: Կոնյակի գործարանը 1887թ. առաջինը բացեց Թաիրովը: Հետագայում ռուս կապիտալիստ Շուստովը գնեց այդ գործարանը, ընդլայնեց արտադրությունը և իր ձեռքում կենտրոնացրեց Հայաստանի կոնյակի ու սպիրտի արտադրությունը: Հայկական կոնյակը արտահանվում էր Ռուսաստան և եվրոպական երկրներ: Հայ արդյունաբերական և առևտրական բուրժուազիան ցրված էր ամբողջ Անդրկովկասում: Մի շարք խոշոր արդյունաբերողներ (Մանթաշով, Տեր-Ղուկասով, Արամյանց և ուրիշներ) իրենց կապիտալը ներդրել էին Բաքվի արդյունաբերության մեջ: Թիֆլիսի թեթև և սննդի արդյունաբերության մեջ մեծ էր հայ ձեռնարկատերերի (Ադելխանով, Ալիխանով և ուրիշներ) տեսակարար կշիռը:

Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը փոփոխություններ առաջ բերեց բնակչության կազմում, աշխուժացրեց քաղաքային կյանքը: Աճեց քաղաքների բնակչությունը: Երևանը 1865թ. ուներ 14 հազար բնակիչ, իսկ 1897թ.՝ 29 հազար: Այդ նույն ժամանակաշրջանում Ալեքսանդրապոլի (Գյումրի) բնակչությունը 16 հազարից հասավ 31 հազարի:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours