Հայաստանը XX դարի սկզբինԱրևելյան Հայաստանը 1907-1914 թվականներինԱրևելյան Հայաստանը Առաջին աշխարհամարտի նախօրեին (1910-1914 թթ.)

Արևելյան Հայաստանը Առաջին աշխարհամարտի նախօրեին (1910-1914 թթ.)

XX դարի երկրորդ տասնամյակում Հայաստանը սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթաց էր ապրում։ Հայաստանում կառուցվում են Նոր երկաթուղիներ և խճուղիներ։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանի երկաթուղիների երկարությունը կազմում էր 680 կիլոմետր։

Հայաստանում 1909-1913 թվականներին պղնձի ձուլման քանակը 278,2 հազար փութից հասավ 343,4 հազար փութի։ Պղնձարդյունաբերությունից հետո, ինչպես հայտնի է, իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր բռնում սպիրտ-կոնյակի արդյունաբերությունը։

Մշակվում էին նաև Երևանի նահանգի և Կարսի մարզի (Կաղզվան) աղահանքերը։ Ղարաբաղում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը հաջողությամբ սպառվում էր Անդրկովկասում։ Երևանի նահանգում եղած մետաքսի ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր միայն տեղում։

XX դարի երկրորդ տասնամյակը նշանավորվում է նաև հեղափոխական շարժումների նոր վերելքով։ Արդեն 1910 թվականին Ռուսաստանում ծայր են առնում գործադուլային շարժումները, իսկ 1912 թվականին Ռուսաստանում սկսվում են հզոր բանվորական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ երկրում։

1912 թվականը նաև Չորրորդ պետական դումայի հրավիրման տարի էր։ Ի տարբերություն 1907 թվականին հրավիրված Երրորդ դումայի, որը ոչ մի կարևոր հետք չթողեց, Չորրորդը նշանակալից քաղաքական դերակատարություն ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ։ Չորրորդ դումայում էր, որ բուռն կերպով արծարծվում էր նաև հայ ժողովրդի համար կարևորագույն՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Այն ջերմ պաշտպանություն էր գտնում ռուսաստանյան «կադետական» կուսակցության առաջնորդների կողմից, որոնք պնդում էին, որ վերաբացվող Հայկական հարցի լուծումը բխում է նաև Ռուսաստանի պետական շահերից։

Արևելյան Հայաստանում 1910-1914 թվականներին տեղի ունեցած բանվորական շարժումները, պետք է նշել, համեմատաբար թույլ էին և հեշտությամբ ճնշվում էին։

Գյուղացիական շարժումները, որ բռնկվում էին երկրի տարբեր վայրերում, ավելի տևական բնույթ ունեին և գնալով ավելի բազմամարդ էին դառնում։ Այդուհանդերձ նրանց պահանջները տնտեսական հարցերից այն կողմ չէին անցնում, ուստի և իշխանությունների կողմից նույնպես հեշտությամբ ճնշվում էին։

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում տեղակայված զորամիավորումներում տեղի Էին ունենում բավական ուժեղ խմորումներ։ Հուզումներ բռնկվեցին Կարսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կաղզվանի, Սարիղամիշի, Օլթիի զորամասերում։

Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում զինված հուզումները բացահայտ ապստամբության չվերաճեցին, որովհետև վրա հասած համաշխարհային պատերազմը փոխեց իրադրությունն ամբողջ երկրում։

Պատերազմը Ռուսաստանի ժողովուրդների առաջ դրեց այլ խնդիրներ, հեղափոխական պայքարի հարցերը հետին պլան մղվեցին։ Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ գործ դարձավ։ Երկրի վրա կախված վտանգը միավորեց բոլոր կուսակցություններին։ Միայն ձախակողմյան կազմակերպությունները մնացին ցարական կարգերի դեմ դասակարգային կռիվը շարունակելու դիրքերում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours