Հայ գիտական միտքը 19-րդ դարի երկրորդ կեսին զարգացավ գերազանցապես հայոց պատմության, լեզվի և հայագիտության մյուս ճյուղերի ուսումնասիրության ուղղությամբ։ Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը, որը երբեք չէր եղել Հայաստանում, ստեղծեց պատմաաշխարհագրական մի շարք («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ» և այլն) հիմնարար աշխատություններ։ Նա թողել է ավելի քան 45 հատոր հայագիտական գործեր։ Մաղաքիա Օրմանյանը իր ծանրակշիռ «Ազգապատում» աշխատության մեջ ներկայացրեց հայ եկեղեցու ամբողջական պատմությունը։ Լազարյան ճեմարանի դասախոս Մկրտիչ Էմինը վիթխարի աշխատանք կատարեց միջնադարյան հայ պատմիչների երկերը ռուսերեն և ֆրանսերեն թարգմանելով։ Դրանով նա այլ ժողովուրդներին ծանոթացնում էր հայոց արժեքավոր գրավոր հուշարձաններին։
Հայ պատմագիտության զարգացման գործում լուրջ ներդրում ունեն Ստ. Պալասանյանը, Ք. Պատկանյանը, Գր. Խալաթյանը, Ա. Գարագաշյանը, Ա. Երիցյանը և ուրիշներ։ Գարեգին Սրվանձտյանը բեղմնավոր աշխատանք կատարեց բանահյուսության ասպարեզում։ Նա հայտնաբերեց նաև «Սասնա ծռեր» դյուցազնավեպը։
Գիտության զարգացումը մեծ չափերով խթանվեց 20-րդ դարի սկզբներին, որն իր արգասավոր պտուղները տվեց նաև հայ իրականության մեջ։ Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հեղինակեց արժեքավոր աշխատություններ հայոց և ընդհանուր լեզվաբանության բնագավառում։ Մանուկ Աբեղյանը հիմնավոր ուսումնասիրեց հայ հին և միջնադարյան գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը։ Պատմության և գրականության ասպարեզում բեղմնավոր աշխատանք կատարեց Լեոն (Առաքել Բաբախանյան)։ Միջնադարյան Հայաստանի պատմությունը խորությամբ հետազոտեց Նիկողայոս Ադոնցը։
19-րդ դարի երկրորդ կեսին լուրջ տեղաշարժեր կատարվեցին նաև բնական գիտությունների մեջ։ Գունավոր հեռուստատեսության և այլ հայտնագործությունների հեղինակ է Հովհաննես Ադամյանը։ Երկրաբան և քիմիկոս Անդրեաս Արծրունին, որն ավարտել էր Պետերբուրգի և Հայդելբերգի համալսարանները, ուսումնասիրել է Կովկասի և Ուրալի օգտակար հանածոների հանքավայրերը։ Նա առաջնակարգ գիտական հետազոտությունների համար, ինչպես նաև Քերովբե Պատկանյանը հումանիտար գիտություններում ընտրվում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Բժիշկ Մարգար Առուստամյանը հռչակվեց պրակտիկ գործերով։ Նա խիզախ պայքար կազմակերպեց 1893թ. Աստրախանում բռնկված և համընդհանուր տագնապ առաջացրած խոլերայի դեմ և փրկեց հազարավոր մարդկանց կյանք։ ժամանակակիցները շատ բարձր են գնահատել նրա հերոսական գործունեությունը։