Հայ գրականության մեջ նոր երևույթ էին աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունները: X դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ բանաստեղծությանը: Նրա տաղերը գովերգում են բնությունը, մարդուն, սերը: Համաշխարհային հռչակ է վայելում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Այն ժողովրդի կողմից ստացել է «Նարեկ» անունը:
Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին: Մեծ սեր էին վայելում նրա գրած հանելուկները: Ժողովրդի հոգսերն ու վիճակն արձագանք են գտել նրա պոեմներում և չափածո այլ ստեղծագործություններում:
Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների բռնությունների դեմ: Նա գրել է ժողովրդին հասկանալի խոսակցական լեզվով:
Ժողովրդական ստեղծագործությունների մեջ առակը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել: Մխիթար Գոշը (XII դ.) դարձավ գեղարվեստական գրականության նոր ճյուղի՝ առակագրության հիմնադիրը: Գոշը ձգտել է առակների միջոցով դաստիարակել ժողովրդին, համախմբել ազգային եկեղեցու շուրջը: Նրա առակները հայ աշխարհիկ գրականության առաջին էջերից են:
Առակները հատուկ տեղ են գրավում Վարդան Այգեկցու գրական ժառանգության մեջ: Նա միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է: Նրա առակներն իրենց ժողովրդական լեզվի և ոճի շնորհիվ լայն տարածում ստացան և դեռևս միջնադարում թարգմանվեցին այլ լեզուներով: