Հեղափոխության առաջին ամիսներից արքունիքը, բարձրաստիճան պաշտոնյաները միջոցներ էին որոնում ժողովրդի ուժերը մասնատելու համար։ Իշխանությունները չէին խորշում դիմելու այնպիսի ոճրագործության, ինչպիսին տարբեր ժողովուրդների միջև կրոնական և ազգային թշնամանք բորբոքելն էր։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և ադրբեջանցիների (թաթարների) դեմ։
1905թ. փետրվարի 6-ին տեղական իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Սակայն չարիքը միայն Բաքվով չսահմանափակվեց։ Բաքուն ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։
Խաղաղ աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ և բավականին զոհեր տվեց։ Հետագայում միայն հայերը կազմակերպվեցին և հակառակորդ կողմին զգալի կորուստներ պատճառեցին։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն այս ծանր օրերին իր վրա էր վերցրել Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։
Կատաղի բախումներ եղան Գանձակի նահանգում, այդ թվում և Շուշի քաղաքում։ 1905թ. օգոստոսին Շուշիի կոտորածին արձագանքեց Բաքուն, որտեղ ընդհարումներն ուղեկցվում էին նավթահորերի և նավթագործարանների հրդեհումով։
Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Վրաստանում, մասնավորապես Թիֆլիսում, հայկական ինքնապաշտպանությունը գլխավորում էր Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյանը)։ Սաստիկ կռիվներ տեղի ունեցան Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավում և պարտության էին մատնում հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։ 1906թ. ընթացքում Անդրկովկասի զանազան վայրերում դեռևս ընդհարումներ էին տեղի ունենում։
1906թ. սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։
Հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան երկու ժողովուրդների առաջադեմ ներկայացուցիչներից շատերը և հատկապես Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։