Չնայած 1905թ. դեկտեմբերյան զինված ապստամբությունը պարտություն կրեց, բայց հեղափոխական շարժումները շարունակվեցին նաև 1906-1907 թվականներին։ Հայաստանում այդ տարիներին, Ալավերդու և Ղափանի, Շուստովի և Սարաջևի գործարանների բանվորներից զատ, շարժումների մեջ են ընդգրկվում նաև մանր արդյունաբերական ձեռնարկությունների, արհեստանոցների և տպարանների բանվորները։ 1906–1907թթ. ընթացքում տեղի են ունենում նաև դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև զինվորականների ելույթներ։
1905–1907թթ. Ռուսաստանում ծավալված հեղափոխական շարժումների համեմատությամբ Հայաստանում տեղի ունեցած հուզումները զգալիորեն թույլ էին։ Դրանք ավելի շուտ ռուսաստանյան շարժումների արձագանքներն էին։ Դա բացատրվում էր նաև նրանով, որ հայ ժողովրդի ուշադրությունը գերազանցապես բևեռված էր Արևմտյան Հայաստանի վրա, որտեղ հայերի զանգվածային կոտորածներ էին տեղի ունենում։ Հեղափոխության տարիներին Ռուսաստանում աշխույժ գործունեություն ծավալեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նրա նշանավոր հայազգի գործիչներից Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը և Սուրեն Սպանդարյանը 1905 թվից առաջ Հայաստանում ստեղծել էին սոցիալ-դեմոկրատական խմբակներ, որոնք հեղափոխության տարիներին դարձան կազմակերպություններ։ Սոցիալ-դեմոկրատական կազմակերպության անդամները, իրենց կուսակցության հիմնարար դրույթներին հավատարիմ, և՛ արևելահայության, և՛ արևմտահայության ազատագրությունը կապում էին բացառապես ռուսաստանյան հեղափոխության հաղթանակի հետ։ Հայ ժողովրդական զանգվածներին ազգային հարցի լուծման նման հեռանկարները իրական չէին թվում, ուստի սոցիալ-դեմոկրատների ազդեցությունը համեմատաբար թույլ էր։
Հեղափոխության տարիներին հայ հասարակական կյանքի աշխուժացման վկայությունն էր նաև Դաշնակցություն կուսակցության ձեռնարկած հայկական եկեղեցին բարենորոգելու փորձը։ Դաշնակցությունը կարողացավ համոզել կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին 1906թ. կոնդակ հրապարակել, որով ազդարարում էր հայկական եկեղեցու ժողովրդավարական սկզբունքը վերականգնելու մասին։
1906թ. օգոստոսի 17-ին էջմիածնում բացվեց 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով։ Ժողովի նախագահ ընտրվեց Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը։ Սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած էին ժողովում տեղի ունեցող ըմբոստ ելույթներից, և նրանց հրահանգով օգոստոսի 30-ին փակվում է ժողովը։
1906թ. հունվար-մարտ ամիսներին տեղի ունեցան ռուսաստանյան օրենսդրական բարձրագույն ատյանի՝ Դումայի (խորհրդարանի) ընտրությունները։ Դուման բացվեց 1906թ. ապրիլին։ Մասնակցելով վերջինիս աշխատանքներին՝ հայ պատգամավորները հատուկ հարցապնդում կատարեցին հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ իշխանությունների սադրիչ գործունեության վերաբերյալ։ Դա անշուշտ իշխանությունների սրտով չէր։ Շուտով կառավարությունը ցրեց Դուման։
1907թ. փետրվարին բացվեց Երկրորդ պետական դուման։ Ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ պետական դումայի քննարկման գլխավոր հարցը ագրարային-գյուղացիական խնդիրներն էին։ Դումայում ցարական կարգերի խիստ քննադատությամբ հանդես եկավ սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Արշակ Զուրաբյանը։ Երկրորդ դուման ևս չարդարացրեց Նիկոլայ II-ի հույսերը, այն ևս ցրվեց։
1907թ. հունիսերեքյան հեղաշրջումով ավարտվեց Ռուսաստանի առաջին ժողովրդական հեղափոխությունը։